Ուկրաինայում հայտնել են Իրանում Boeing-ի կործանման հիմնական վարկածները

Ուկրաինայում հայտնել են Իրանում Boeing-ի կործանման հիմնական վարկածները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է Իրանում Boeing-ի կործանման հիմնական վարկածները:

Դանիլովը Цензор.нет-ին հայտնել է, որ այժմ Իրանի իրավասու մարմինների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունենում:

«Ուսումնասիրում ենք ինքնաթիռի հանկարծակի անկման տարբեր վարկածներ, հիմնականների թվում են՝ «Տոր» ԶՀՀ-ով հարված, քանի որ աղետի վայրի մոտ ռուսական հրթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկատվությունն արդեն հայտնվել է համացանցում, բախումն անօդաչու թռչող սարքի կամ թռչող այլ օբյեկտի հետ, տեխնիկական պատճառներով շարժիչի պայթյունը, ահաբեկչական գործողության հետևանքով ինքնաթիռի ներսում պայթյունը»,– հայտնել է նա:

Դանիլովի խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցիչներն իրանական իշխանությունների հետ համաձայնեցնում են ավիավթարի վայր մեկնելը, որտեղ մտադիր են հրթիռի բեկորներ որոնել:

Դանիլովը հավելել է, որ ուկրաինական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մասնագետներ, որոնք հետաքննում են Դոնբասում Boeing-ի կործանումը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի քաղավիացիայի կազմակերպության զեկույցի համաձայն` Թեհրանում երեկ առավոտյան կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը հրդեհվել է նախքան գետնին բախվելը:

Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տվյալներով՝ ինքնաթիռի թռիչքային ուղին ցույց է տալիս, որ անսարքությունից հետո անձնակազմը ցանկացել է վերադառնալ օդանավակայան և ինքնաթիռն այդ կողմ է թեքել:

Միևնույն ժամանակ, օդաչուներն անսարքության մասին չեն հայտնել:

Վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շարժիչի այրման հետևանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում