«Հունվարի 8-ի առավոտը սև էջ էր Ուկրաինայի և աշխարհի պատմության մեջ». Զելենսկի (տեսանյութ)

«Հունվարի 8-ի առավոտը սև էջ էր Ուկրաինայի և աշխարհի պատմության մեջ». Զելենսկի (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որով դիմել է ուկրաինացիներին և խոստացել, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման ճշգրիտ պատճառն անպայման կհաստատվի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Զելենսկին նշել է, որ հունվարի 8-ի առավոտը սև էջ էր Ուկրաինայի և աշխարհի պատմության մեջ:

Ուկրաինայի նախագահը ցավակցություններ է հղել մահացածների ընտանիքներին:

«Անխոս, Ուկրաինայի համար առաջնահերթություն է ողբերգության պատճառների բացահայտումը: Մենք անպայման կիմանանք ճշմարտությունը: Դրա համար միջազգային իրավունքի նորմերին համապատասխան մանրամասն և անկախ հետաքննություն է իրականացվել: Ողբերգության հետաքննությունը կիրականացնի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովը»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին տեղեկացրել է, որ որոնողափրկարարական խմբի կազմում 45 ուկրաինացի մասնագետ է մեկնել Իրան, որոնք ամենայն հավանականությամբ կներառվեն հանձնաժողովի աշխատանքներում և կմասնակցեն «սև արկղերի» վերծանմանը: Նա կոչ է արել նաև սպասել փորձաքննության գոնե նախնական տվյալներին և մանիպուլյացիոն տեղեկություններ չտարածել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանի քաղավիացիայի կազմակերպության զեկույցի համաձայն` Թեհրանում երեկ առավոտյան կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը հրդեհվել է նախքան գետնին բախվելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում