ԱՄՆ-Իրան հակամարտությունում մեծ առճակատում չի լինելու, կարող են լինել կետային գործողություններ. Արման Նավասարդյան

ԱՄՆ-Իրան հակամարտությունում մեծ առճակատում չի լինելու, կարող են լինել կետային գործողություններ. Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱՄՆ-Իրան հակամարտությունում մեծ առճակատում չի լինելու, կարող են լինել կետային գործողություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Վերջինիս կարծիքով՝ կետային գործողությունների համար կարող է շատ մեծ դեր խաղալ տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական մթնոլորտը, որը հիմա շատ ավելի է սրվում: Հնարավոր են նաև սպանություններ:

Նավասարդյանն անդրադարձավ նաև Իրանի կողմից ամերիկյան «Այն ալ-Ասադի» ռազմաբազայի հրթիռակոծմանը՝ նշելով, թե հնարավոր է՝ նախնական պայմանավորվածություն է եղել. «Ինչպե՞ս եղավ, որ հրթիռակոծումից ոչ մի մարդ չտուժեց, արդյո՞ք չի նշանակում, որ նախնական պայմանավորվածություն է եղել, որ այնտեղից դուրս բերվեն մարդիկ»,- նշեց Նավասարդյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, քանի դեռ Թրամփը նախագահ է, Նավասարդյանն ասաց. «Թրամփը հայտարարեց, որ իրենք խաղաղություն են ուզում, պատերազմ չեն ուզում, նա արդեն «Ջինը բաց է թողել շշից» այն առումով, որ Իրանին երկրորդ լավությունն արեց, որ վերջինս ավելի ինտենսիվ և համառ կերպով շարունակի իրագործել միջուկային զենք ձեռք բերելու ծրագիրը»:

Արման Նավասարդյանն անդրադարձավ նաև տարածված կեղծ տեղեկատվությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր ԱՄՆ-ին Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար՝ նշելով, որ մենք այդպես էլ ոչ դիվանագիտություն սովորեցինք ունենալ, ոչ էլ կանխատեսել, որ կարող են նման երևույթներ լինել: «Ինչպե՞ս պատահեց, որ ադրբեջանական ֆեյքերը տարածեցին լուրեր, մենք կուլ տվեցինք ամբողջովին, փոքր քայլեր եղան: Բա մեր հետախուզությունը, մեր Արտաքին գործերի նախարարությունը ինչի՞ համար են»,– ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Անվտանգության հարցերով փորձագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն էլ անդրադարձավ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման դեպքում հարևան երկրների անվտանգության խնդրին՝ նշելով, թե անվտանգության խնդիրներ կարող են առաջանալ սահմանին: «Պետք է հասկանալ՝ փախստականների անցումն ինչպե՞ս է կատարվելու, ի՞նչ ազդեցություն կարող է լինել, ի՞նչ տեսակի ագենտներ կարող ենք անցնել: Մեր սահմանների կառավարումը պետք է շատ ճիշտ անենք՝ թույլ չտալով, որ Հայաստան ներթափանցեն ուժեր, որոնք կարող են խնդիրներ առաջացնել»,-ասաց Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում