Թրամփն Իրանի հետ ճգնաժամի ֆոնին հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնել է Սպիտակ տունը, գրում է Reuters գործակալությունը:
«Առաջնորդները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային կարևոր հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բանակցություններն ընթացել են Իրանի հետ ճգնաժամի ֆոնին։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում