Թեհրանում վթարի ենթարկված ինքնաթիռը մեկ օր առաջ եղել է Երևանում

Թեհրանում վթարի ենթարկված ինքնաթիռը մեկ օր առաջ եղել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության՝ Իրանում վթարի ենթարկված օդանավը հունվարի 6-ին իրականացրել է Կիև-Երևան-Կիև չվերթը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»։

Boeing 737-800-ը Կիևից երևան է թռել հունվարի 6-ի երեկոյան, վերադարձը Կիև եղել է հունվարի 7-ի գիշերը՝ ժամը 02։37։

Մինչ ողբերգական վթարը Boeing-ը հասցրել է լինել Միլանում, որտեղից վերադարձել է Կիև, ապա ուղևորվել Թեհրան։

Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թվում են 82 իրանցի, 63 կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 գերմանացի և 3 բրիտանացի։

Ուկրաինական միջազգային ավիաուղիների տեխնիկական տնօրեն Ալեքսանդր Շաֆիևն ասել է, որ ինքնաթիռը գտնվում էր լավ վիճակում, այն 2016թ․-ի արտադրության էր և գնվել էր անմիջապես Boeing-ի գործարանից, նախկինում ոչ մի տեղ չէր օգտագործվել և վերջին անգամ տեխնիկական ստուգում էր անցել հունվարի 6-ին։

Իրանում Ուկրաինայի դեսպանատունը կայքից հեռացրել է ավելի վաղ արված գրառումը, որ վթարը չի եղել ոչ հարձակման, ոչ հրթիռի պատճառով։

Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները, քանի դեռ չեն պարզվել Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի վթարի պատճառները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում