Սահմանին հիմնական սպառնալիքները շարունակվում են պահպանվել. Տիգրան Աբրահամյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ հունվարին հակառակորդը կարող է դիմել սադրանքների, տարբեր մասշտաբների գործողությունների: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԶՈՒ-ն պատրաստ է զսպել հակառակորդի ցանկացած գործողություն: Ըստ նրա՝ 2019 թ-ին հակառակորդի ընդհանուր շարժերը հիմնականում զորավարժությունների, մարտավարական պարապմունքների և ամրաշինական աշխատանքների տեսքով էին, որոշակի պարբերականությամբ ակտիվանում էին նաև հակառակորդի դիպուկահարները:
– 2019 թ-ի սահմանային իրավիճակն ինչպես՞ կգնահատեք, անմիջական ինչպիսի ՞ սպառնալիքներ կային, որոնք չեզոքացվեցին: Վերջին ամիսների ընթացքում հակառակորդի դիպուկահարների ակտիվություն էր նկատվում:
– Այն հիմնական սպառնալիքները, որոնք առկա էին, շարունակում են պահպանվել: Հրադադարի ռեժիմի խախտումների առումով դրանք համեմատաբար նվազ էին, սակայն հակառակորդի ընդհանուր շարժերը քիչ չէին: Շարժերի տակ հիմնականում պետք է հասկանալ զորավարժություններ, մարտավարական պարապմունքներ, ամրաշինական աշխատանքներ:
Ինչ վերաբերում է դիպուկահարների ակտիվությանը, ապա դրանք որոշակի պարբերականությամբ ակտիվանում են, փորձում են մեզ նյութական և մարդկային վնասներ հասցնել: Առաջնագծում մեր իրականացրած ամրաշինական աշխատանքների նպատակներից մեկը՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմերի հնարավորինս անվտանգ ծառայության ապահովումն է, որի ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են տարվում:
– Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ԶՈՒ-ն , դրանցով հիմնականում ի՞նչ խնդիր ենք լուծում, ձեռք բերված նոր սպառազինություններով հավասարակաշռությունն ապահովվո՞ւմ է:
– Չկա այնպիսի տարի, որի ամփոփման ժամանակ հնարավոր չլինի խոսել ձեռքբերումների մասին: Սպառազինությունից՝ ինժեներական-ամրաշինական աշխատանքներ, թիկունքայինից՝ զորակոչ և այլն: Այս տարվա համար ևս պետք է արձանագրենք, որ արել ենք ավելին մեր ժողովրդի առջև ստանձնած գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովումը բարձր մակարդակով իրականացնելու համար: Սրանք աշխատանքներ են, որոնք պետք է անընդհատ ակտիվ պահել:
– 2019 թ-ին Թալիշի վերաբնակեցման խնդիրը լուծվեց, բայց արդյո՞ք անվտանգության գոտին ընդլայնվել է, դիրքային ինչպիսի՞ տեղաշարժ ենք ունեցել:
– Հայաստանի ու Արցախի ուղղություններով ունենք բնակավայրեր, որոնք հակառակորդից ավելի մոտ հեռավորության վրա են, քան Թալիշը: Ուղղակի Թալիշի դեպքում խնդիրն ավելի շատ հոգեբանական հարթությունում է: Գյուղում ապրում են մարդիկ, ովքեր 90-ականներից ի վեր 3 անգամ ստիպված դուրս են եկել գյուղից, իսկ հետո վերադարձել՝ ամեն անգամ վերականգնել հակառակորդի պատճառած վնասները և նոր կյանք սկսել:
Հավատացեք, որ այդ մարդկանց համար շատ դժվար է: Ապրիլյան մարտական գործողություններից հետո, նախագահի հանձնարարությամբ, 3 տարվա ընթացքում Թալիշի հետ կապված մեր գլխավոր խնդիրը լուծեցինք՝ թալիշցիների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ստեղծեցինք վերադառնալու և իրենց կյանքը բնականոն ուղով շարունակելու համար:
Այն ենթակառուցվածքները, որոնք Թալիշն ունի, Հայաստանում և Արցախում որևէ գյուղ չունի: Սակայն մենք սրանով չենք բավարարվելու, հաջորդ տարվանից շարունակվելու են ինչպես վերաբնակեցման, այնպես էլ այս ենթաշրջանում կառավարության իրականացրած ծրագրերը:
– Ադրբեջանում հունվարի 13-ից 15-ն անցկացվելու են միջոցառումներ «Սև հունվարի» շրջանակում, արդյո՞ք հակառակորդը կարող է դիմել սադրանքների, շատերը կարծում են, որ հարձակողական գործողություններ կարող են լինել, դուք ի՞նչ կասեք:
– Հակառակորդի սադրանքներին, տարբեր մասշտաբների գործողություններին միշտ պետք է պատրաստ լինել, ու մեր զինված ուժերը պատրաստ են:
– Պարոն Աբրահամյան,ԱՀ-ում սպասվող ընտրական գործընթացներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սահմանի վրա, տարբեր հայտարարություններից պարզ է դառնում, որ ակտիվ ընտրություններ են սպասվում:
– Ակտիվ ընտրություններ սպասելի են, սակայն ես այդ ակտիվությունը դրական հարթության մեջ եմ դիտում: Ակտիվ, որովհետև, առաջին հերթին, երկու խոշոր ընտրություններ են սպասվում՝ նախագահական և խորհրդարանական, երկրորդ, գործող նախագահը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, ինչի պայմաններում դաշտ է բացվել այլ գործիչների համար և երրորդ, Արցախում ընտրական օրենսգիրքն է փոփոխվել, ընտրություններն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով են կայանալու:
Վերջին գործոնով պայմանավորված` այն անհատները, որոնք մտադրություն ունեին կամ նախկինում առաջադրվում էին մեծամասնական ընտրակարգով, այս փուլում կամ միանում ու նոր կուսակցություններ են հիմնում, կամ միանում են գործող ուժերին: Այնպես որ, կարծում եմ, մեզ հետաքրքիր գործընթացներ են սպասվում:
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում