Առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ. Նորատ Տեր-Գրիգորյանց

Առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ. Նորատ Տեր-Գրիգորյանց

ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ղարաբաղյան բանակցություններում 2019 թ-ին դրական ոչ մի տեղաշարժ չի եղել, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը և բոլոր նրանք, ովքեր բանակցություններ են վարում, չգիտեն իրական պատաճառները, թե ինչից է առաջացել հիմնախնդիրը և ինչ ճանապարահով պետք է առաջ շարժվել, ինչ լուծումների հանգել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Պարզապես բանակցություններ վարել բանակցելու համար` դա հիմարություն է, անպտուղ բան, այդպես կարող է շարունակվել 100-150 տարի, մինչև մենք բոլորս մահանանք: Պետք է հարցը դնել այնպես, ինչպես եղել է` ինչո՞ւ է այս ամենը տեղի ունեցել: Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատ չեն, բայց մենք մանուկ չենք, հասկանում ենք, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են և ԵԱՀԿ-ից ոչ ոք դրան չի մասնակցում, դա բանակցություն չէ, ես չեմ վստահում այդպիսի բանակցություններին»,- նշեց գեներալը:

Ըստ նրա՝ այդպիսի ձևաչափով հանդիպումների պատճառով Հայաստանում կարող են ասել, որ Փաշինյանը հող է պատրաստվում հանձնել, իսկ Ադրբեջանում էլ Ալևին մեղադրել զիջումների գնալու համար: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ Ադրբեջանի նման ագրեսորի հետ բանակցություններ վարել պետք չէ:

«Ոչ ոք չգիտի` ինչ են խոսում, ենթադրենք, ես վստահում եմ վարչապետին, բայց Ադրբեջանում էլ Ալևին են վստահում: Ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ են խոսում, ոչ ոք չգիտի: Ի՞նչ կոմպրոմիսի մասին է խոսքը, ի՞նչ ուղղությամբ ենք գնալու, կամ ո՞ր մեխանիզմի շնորհիվ կգտնվի այն լուծումը, որը երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելի կլինի: Առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ»,– ընդգծեց նա:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ հատկապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները, սադրանքները շարունակվում են 90-ականներին սխալ ստորգրված փաստաթղթի պատճառով:

«Ցավոք, փաստաթղթի ստորագրման գործընթացին նախագահն ինձ չներգրավեց, ես մնացի հրամանատարական կետում: Գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին, ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»: Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, և հանկարծ ասում են` եկեք դադարեցնենք կրակը: Պիտի բոլորովին այլ փաստաթուղթ ստորագրվեր, պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն, քանի որ Ադրբեջանն էր հարձակվել Ղարաբաղի վրա, ցանականում էր գրավել Ղարաբաղը, այնուհետև Զանգեզուրը, ապա Նախիջևանից հարձակվել Երևանի վրա»,– նկատեց գեներալը:

Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Արցախում էսկալացիայի վտանգ կա, քանի որ Ալիևը պարբերաբար հանդես է գալիս ատելության քարոզով, ժողովրդին նախապատրաստում է պատերազմի:

«Ալիևն իր ընտանիքով բունկերում կթաքնվի, մարդկանց կուղարկի զոհվելու, նրա համար մարդիկ արժեք չունեն:Մեզ մոտ զինված պայքարի բոլոր միջոցները հիմնավորապես կապահովեն հակառակորդին պարտության մատնելն ամենաբարձր մակարդակով։ Առավել ևս, որ մեզ մոտ ռազմական գործողությունների լեռնային թատերաբեմ է։ Զորքերի նորմալ, գիտակից բաշխման, կրակային համագործակության հիմնավոր կազմակերպման դեպքում հակառակորդը կոչնչացվի, կոչնաչացվի նաև նավթամուղը` էներգոհամակարգին անօդաչուներով 20-30 հարված հասցնելով: Տեսաք, թե ինչ եղավ Սաուդյան Արաբիայում: Թող Ադրբեջանը լավ մտածի, իրեն պատերազմելը ձեռնտու չէ ոչ մի երկրի հետ»,-նկատեց նա:

Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ որպես ԶՈՒ հիմնադիրներից մեկը շատ գոհ է ՀՀ-ում պաշտպանական գերատեսչության աշխատանքից, նա կարևորեց ՍՈւ-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների ձեռքբերումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում