ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա անձեռնմխելիություն է տարածվում. նրան մեղադրանք առաջադրելու հետ կապված խնդիր կա. սահմանադրագետ (տեսանյութ)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա անձեռնմխելիություն է տարածվում. նրան մեղադրանք առաջադրելու հետ կապված խնդիր կա. սահմանադրագետ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վրա անձեռնմխելիություն է տարածվում. նրան մեղադրանք առաջադրելու հետ կապված խնդիր կա: Այս մասին ՍԴ բակում Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության հետ կապված խնդիր չկար, որովհետև պահպանվել էին ՍԴ մասին սահմանադրական օրենքով կարգավորումները:

«Նախապես հարցաքննության տեղն ու ժամը համաձայնեցվել էին ՍԴ նախագահի հետ, սակայն արդեն անձեռնմխելիության հետ կապված խնդիր ունենք, երբ խոսում ենք մեղադրանք առաջադրելու մասին, որովհետև Հրայր Թովմասյանի նկատմամբ տարածվում է ոչ միայն գործառույթային անձեռնմխելիությունը, այլև ընդհանրական անձեռնմխելիությունը: Նա նշանակվել է ՍԴ անդամ, այն ժամանակ «անդամ» եզրույթն էր, և ՍԴ անդամների վրա տարածվում էր ամբողջական գործառույթային անձեռնմխելիությունը»,– ասաց Մելոյանը:

Վերջինիս խոսքով՝ իրավական մեկնաբանության խնդիր կա. «Հնարավոր է մեկնաբանել հետևյալ կերպ՝ Հրայր Թովմասյանի՝ մինչև 2018 թվականը կատարած գործողությունների դեպքում տարածվում են նախկին Սահմանադրության կարգավորումները՝ անձեռնմխելիությունը, իսկ 2018 թվականից հետո կատարված գործողությունների դեպքում հնարավոր է այնպիսի մեկնաբանություն տալ, որ տարածվի գործառութային անձեռնմխելիությունը, սակայն այն, որ առկա է անձեռնմխելիություն, դա անժխտելի է»,-պարզաբանեց սահմանադրագետը:

Նա նաև նշեց, թե այս իրադարձությունները կանխատեսելի էին երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքի ստորագրումից հետո:

«Այսօր կանգնած ենք իրավական ներքին անվտանգության սպառնալիքի առջև: Երկար ժամանակ է՝ բոլորս ականատես ենք լինում իրավական պետությանը ոչ հարիր՝ շատ անկանխատեսելի երևույթների»,- ասաց Մելոյանը՝ նշելով, թե իշխանությունների կողմից որդեգրվել է քաղաքականություն՝ ճնշումներ գործադրելու միջոցով ՍԴ դատավորներին դրդել՝ օգտվել ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքով տրված հնարավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում