Արմեն Սարգսյանը կանաչ լույս վառեց բռնաճնշումների համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը կանաչ լույս վառեց բռնաճնշումների համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՍԴ բակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին աջակցող քաղաքացիների թվում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ անցնող տարվա ընթացքում բոլորն ականատես եղան, թե իշխանության կողմից որքան հարձակումներ եղան Սահմանադրական դատարանի վրա:

«Կային գործընթացներ, որոնք հանգիստ կարող ենք բնութագրել որպես քաղաքական բռնաճնշումներ, որին ենթարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Երեկվանից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեթև ձեռքով թիրախում հայտնվեցին Սահմանադրական դատարանի մնացած դատավորները»,-ասաց նա և նշեց, որ այդ աղմկահարույց օրենքը հակասահմանադրական է, որի նպատակն այն է, որ դատավորները փոխարինվեն Նիկոլ Փաշինյանի դրածոներով, ինչպես, օրինակ՝ Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:

«Կարծում եմ, որ սա լուրջ սպառնալիք է մեր երկրի ներքին անվտանգությանը»,-ասաց նա: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Հրայր Թովմասյանը կարողացավ դիմադրել ճնշումներին, և իշխանությունները փորձում են հակառակ կողմից գալ և թույլ օղակներ գտնել:

«Արմեն Սարգսյանը` մարդ, ով պետք է լիներ մեր երկրում Սահմանդրության երաշխավորը, ըստ էության, դարձավ այդ բռնաճնշումներին նոր զարկ տվող գործիչ, կանաչ լույս վառող գործիչ, և ես կարծում եմ, որ սա խնդիր է, որի քաղաքական արձագանքները երկար է զգացվելու: Նա պետք է դիմեր Սահմանդարական դատարան հենց թեկուզ այն պատճառով, որ մասնագիտական դաշտում այդքան քննադատություններ եղան, բայց նա ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի կամքին: Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյան անուն ազգանունը լինելու է օրինակ` վատ քաղաքական գործչի և անպատասխանատու մարդու, արդեն հոմանիշներ են դարձել դրանք, ըստ էության»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ-ի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։

Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։

Հիշեցնենք նաև, որ երեկ մամուլը գրել էր, որ ՀՔԾ-ն խուզարկություն է անում Սահմանադրական դատարանում: Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չէին հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում