Ի՞նչ էր բանակցվում․ համանախագահների հայտարարությունների հետքերով

Ի՞նչ էր բանակցվում․ համանախագահների հայտարարությունների հետքերով

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am2019թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում շարունակվեցին խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։ 2018թ․-ին հայաստանյան իրադարձությունները որոշ ժամանակով դանդաղեցրել էին գործընթացը։ Ժամանակ էր պետք Հայաստանի նոր իշխանություններին ներգարավելու և բանակցային գործընթացը բնական հուն ետ բերելու համար, ինչը արվեց 2019թ.-ին:

Փորձենք հասկանալ, թե որոնք էին 2019թ․-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում գրանցված միտումները և կողմերի միջև ձեռք բերած համաձայնությունները՝ հիմնվելով տարբեր ձևաչափերով ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարությունների համեմատական վերլուծության վրա։

Հետադարձ հայացք գցելով՝ կարող ենք նկատել, որ դեռևս 2018թ․-ի դեկտեմբերին Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ ընդունված հնգակողմ հայտարարությամբ մատնանշվեց եկող տարում բանակցությունների առարկայական տիրույթը։ Նախ, ողջունվեց Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հրադարի ռեժիմի պահպանման շուրջ տեղի ունեցած «վերելակային» պայմանավորվածությունները։ Սրան գումարած կողմերին կոչ արվեց ապագայում կոնկրետ քայլերի գնալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար։ Այս դրույթը, ըստ էության, համեմատաբար նոր էր, քանի որ նախքան Հայաստանում իշխանությունների փոփոխությունը բանակցային օրակարգը հիմնականում վերաբերում էր շփման գծում լարումների և միջադեպերի կանխմանն ու կառավարմանը ուղղված միջոցառումներին, որոնք համաձայնեցվել էին դեռևս 2016թ.-ին: Կարելի է ենթադրել, որ մի կողմից միջնորդները, օգտվելով Հայաստանում իշխանափոխության փաստից, փորձել են նոր շունչ հաղորդել բանակցություններին և ավելի լայն օրակարգ առաջ բերել՝ անցում կատարելով հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ քննարկումենրից դեպի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն: Մյուս կողմից՝ սա ձեռնտու էր Ադրբեջանին այն առումով, որ 2016թ.-ի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը Ադրբեջանին «պարտադրելու» էր զերծ մնալ սահմանային լարումներ նախաձեռնելուց՝ միջազգային մոնիթորինգի միջոցով:

Այսպիսով, բանակցային օրակարգում դեռևս 2018թ.-ի դեկտեմբերից արձանագրվեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթը: Ըստ այդմ՝ շփման գծում հրադադարի կառավարման և վերահսկողության բաղադրիչը, որը իր էությամբ անվտագային նշանակություն ուներ, փոխարինվեց հումանիտար բաղադրիչով՝ ի դեմ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ուղղված գործողություններով:
Ինչպես ցույց տվեցին հետագա եռակողմ ու հնգակողմ հայտարարությունները և կողմերի գործողությունները, տարվա ընթացքում հնարավոր եղավ ձեռք բերել պայմանավորվածություններ հենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն միտված որոշ գործողությունների շուրջ։ Այժմ այս մասին առավել մանրամասն։

Տարվա առաջին հանդիպումը արտգործնախարարների մասնակցությամբ տեղի ունեցավ հունվարին Փարիզում՝ ֆրանսիական կողմի հովանու ներքո։ Հանիպմանը քննարկվեցին բազմաթիվ հարցեր և ընգծվեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը։ Խոսվեց նաև բանակցային սկզբունքների ու պարամետրերի և ապագայում երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին։ Հարկ է նշել, որ բանակցային սկզբունքների և պարամետրերի մասին խոսակցությունը ՀՀ նոր իշխանությունների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում առաջին անգամ շոշափվեց Փարիզում: Նկատենք, որ 2019թ․-ին հայկական կողմը ՀՀ վարչապետի շուրթերով բազմիցս հայտարարեց, որ դեռևս այդ սկզբունքները պարզաբանման կարիք ունեն:

2019թ.-ի ընթացքում արված հայտարարություններից իր բովանդակությամբ առանձնանում է մարտի 9-ին՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման նախապատրաստման շրջանակներում արված հայտարարությունը։ Այստեղ նշվում են միջնորդների սպասելիքները, անհանգստությունները և պահանջները։ Նախ, միջնորդերը արդեն իսկ ողջունում են կողմերի արված հումանիտար քայլերը։ Այնուհետև անդրադառնում են բանակցային ձևաչափին և հիմանարար սկզբուներին։ Նախ, նշվում է,որ կողմերը պետք է զերծ մնան բանակցային ձևաչափի փոփոխության միակողմանի (առանց դիմացինի համաձայնության) առաջարկներից և նախապայմաններ առաջ քաշելուց։ Փաստացի, միջնորդները վերահաստատում են, որ եղած բանակցային ձևաչափը անփոփոխ է մնալու, իսկ բանակցային գործընթացի շարունակականությունը՝ առանց այլընտրանքի։ Բացի այդ ևս մեկ անգամ ամրագրվում է նաև ընթացող բանակցությունների հիմնարար երեք սկզբունքները և վեց էլեմենտները։ Հաշվի առնելով, որ այս ամենը ասվել է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից առաջ, կարող ենք փաստել, որ համանախագահները շարունակեցին պնդել բանակցային ձևաչափի և բանակցային սկզբունքերի անփոփոխելիությունը։ Հիշեցնեմ, որ գործող ձևաչափի փոփոխության (կամ եռակողմ ձևաչափին վերադարձի) հայտ ներկայացրել էր հայկական կողմը՝ պնդելով Արցախի վերադարձը բանակցային սեղան, որին ի պատասխան Ադրբեջանը առաջարկում է Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներգարվումը բանակցություններում։

2019թ․-ի մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիոպումը։ Հանդիպումից հետո արվեց հնգակողմ հայտարություն, որից կարելի է եզրակացնել, որ հանդպիմումը առավել ճանաչողական էր։ Այնուամենայնիվ կողմերը համաձայնվեցին հումանիտար ոլորտում մի շարք միջոցառումներ ձեռնարկել։

Հումանիտար գործողությունների և ընդհանուր առմամբ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին քննարկումները ի վերջո առարկայական տեսք ստացան ապրիլին Մոսկվայում՝ ռուսական կողմի նախձեռնությամբ տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Հնգակողմ հայտարարության մեջ նշվեց, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել ձերբակալված անձանց փոխանակելու և հասարակությունների ՝ մասնավորապես լրագրողների միջև փոխայցելություններ կազմակերպելու մասին։ Մայիսին կատարած տարածաշրջանային այցի ժամանակ միջնորդները ներկայացրեցին նաև նոր առաջարակներ կապված հումանիտար և անվտանգային նոր քայլերի վերաբերյալ, որոնք արդեն քննարկվեցին արտգործնախարերի կողմից հունիսին Վաշինգտոնում։ Նկատենք, որ այս անգամ բացի հումանիտարից խոսք գնաց նաև անվտանգային միջոցառումների մասին, որոնք, ըստ ամենայնի, պետք է ներառեն հրադադարի պահպանման մեխանիզմների շուրջ քննարկումներ: Սա, թերևս, պայմանավորված էր ապրիլ-մայիս ամիսներին հետդուշանբեական հարաբերական խաղաղության շոշափելի խաթարմամբ թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում: Ըստ այդմ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, այստեղ առավել շեշտը դրվեց խաղաղությանը նպաստող միջավայրի վերականգման և սադրանքներից խուսափելու (դիպուկահարների օգտագործում և ինժեներական աշխատանքներ) մասին միջնորդների կոչերի վրա։

Արտգործնախարարների հաջորդ հանդիպումը նույնպես տեղի ունեցավ ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում։ Նյու Յորքում քննարկման օրակարգը նույնն էր․ միջնորդները ողջունեցին հրադարի պահպանման համար արված ջանքերը և քննարկվեցին խաղաղությանը նպաստող միջավայրի պահպանման միջոցները։
Տարվա վերջին հանդիպումը, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջնակներում։ Բրատիսլավայում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որտեղ ամփոփվեց տարվա ձեռբերումները և որոշակիորեն նշմարվեց 2020-ին շարունակվելիք բանակցությունների օրակարգը։ Նախ համանախագահները ողջունեցին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ուղղությամբ կողմերի արված կոնկրետ քայլերը և կոչ արեցին շարունակել դրանք եկող տարում։ Այնուհետև միջնորդները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ բանակցությունների հիմնարար սկզբունքները շարունակում են մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթները և դրանից բխող վեց էլեմենտները։

Առաջիկա բանակցությունների մասով հատկանշական էր այն, որ տարվա ընթացքում առաջին անգամ խոսվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելությունը ընդլայնելու մասին, ինչը համաձայնեցվել էր դեռևս 2016թ․-ին։ Հետևապես, 2020-ին այս հարցի մասին քննարկումները ամենայն հավանականությամբ կմտնեն նորից օրակարգ։

Կարող ենք եզրակացնել, որ 2019թ․-ին բանակցային գործընթացում, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական հայտարարությունների, ամբողջությամբ ուժի մեջ մտավ նախապես արձանագրված օրակարգային փոփոխությունը. շփման գծի կառավարման և վերահսկման միջոցառումներից անցում կատարվեց ժողովուրներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հումանիտար միջոցառումներին: Այլ կերպ ասած անվտագային ակցիաներից անցում կատարվեց հումանիտար ակցիաներին: Այս առումով տարվա ընթացքում հաջողվեց ձեռք բերել համաձայնություն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու շրջանակներում արված հումանիտար գործողությունների (բանտարկյալների փոխանակում և լրագրողների փոխայցելություն) շուրջ։ Ըստ երևույթին այդ միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։ Սրան գումարած ամենայն հավանականությամբ օրակարգ կմտնի նաև անվտանգային միջոցառումներին ուղված գործողությունները, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելության ընդլայման հարցը։

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում