ՀՀ իշխանությունները կողմնակից չեն կամ քայլ չեն անում Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ. Կիրո Մանոյան

ՀՀ իշխանությունները կողմնակից չեն կամ քայլ չեն անում Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ. Կիրո Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ճիշտ է, որ այս իշխանությունները չունեն Արցախի հարցի կարգավորման ոչ ռազմավարություն, ոչ հայեցակարգ, և տարբեր պահերի տարբեր բաներ են ասում, որոնք ցույց են տալիս, որ չկա այդ հայեցակարգը և ռազմավարությունը: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ասվում էր՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին կարևորում է Հայաստանը, բայց Բրատիսլավայում ԱԳ նախարարների ժողովից առաջ վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ հարցի կարգավորման գծով մեր և Արցախի իշխանությունների մոտեցումների մեջ ոչ մի տարբերություն չկա, հարյուր տոկոսով նույնն է: Սա հայտարարել այդպիսի հանդիպումից առաջ, որտեղ ենթադրաբար պիտի բարձրացվեր հարց, որ կարևոր է Արցախի հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին, անհասկանալի է, որովհետև եթե նույն բանն եք ասելու, ինչո՞ւ պիտի մասնակցեն»,- ասաց նա:

Այն, որ իշխանություններն այս հարցում ռազմավարություն չունեն, վկայում է նաև ԱԳ նախարարի ելույթը Բրատիսլավայում: «Այնտեղ նա ավելի շուտ կարմիր գծեր ցույց տվեց, ոչ թե ռազմավարություն: Այդտեղ կա մի շատ թույլ, խոցելի, նույնիսկ վնասակար մոտեցում. խոսվեց, որ Արցախի ժողովուրդը տակավին պետք է արտահայտի իր կամքը, այսինքն անտեսվում է 1991 թվականի հանրաքվեն, 2006 թվականի Սահմանադրության հանրաքվեն, 2017 թվականի Սահմանադրության հանրաքվեն. ճիշտ այդ տրամաբանությամբ էլ իշխանությունները կողմնակից չեն, քայլ չեն անում Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ: Այսօր Արցախի արտաքին քաղաքականության թիվ մեկ ուղղություններից մեկը հենց Արցախի անկախությունը ճանաչելն է, բայց Հայաստանի իշխանությունները համաձայն չեն կամ կողմնակից չեն, որպեսզի Հայաստանն աջակցի միջազգային ճանաչման գործընթացին»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում