ԼՂ հարցով բանակցությունների հիմքում ընկած ինքնորոշման հարցն էապես թուլացել է, և իշխանություններն այդ հարցը գրեթե չեն հետապնդում. Դավիթ Շահնազարյան

ԼՂ հարցով բանակցությունների հիմքում ընկած ինքնորոշման հարցն էապես թուլացել է, և իշխանություններն այդ հարցը գրեթե չեն հետապնդում. Դավիթ Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. խոսքը Վիենա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգի մասին է: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացին:

«Դեռ 2012 թվականից այս հարցը քննարկվում էր, իսկ 2016-ի ապրիլից հետո սա միակ հարցն էր, և խոսքը վերաբերում էր Արցախ-Ադրբեջան շփման գծին, այլ հարց չէր քննարկվում, իսկ Ադրբեջանը ծուղակի մեջ էր: Ցավոք սրտի, հիմա այդ օրակարգը կորցված է հենց Հայաստանի իշխանությունների ջանքերով»,– ասաց նա:

Բացի այդ, Շահնազարյանը նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները անմիջապես հարց բարձրացրին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է անպայման մասնակցեն բանակցային գործընթացին, բայց, քանի որ դա արվեց ոչ պրոֆեսիոնալ ձևով, արդյունքում կա մի իրավիճակ, որով, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» լեգիտիմություն է ստանում: «Այս մասին Մինսկի խմբի պետությունների ներկայացուցիչներն են նշել, և եթե նկատենք, միջազգային վերլուծական կենտրոններն այդ հարցը առաջ են քաշում, չափազանց վտանգավոր հարց է»,- ասաց նա և հավելեց, որ ինքնորոշման հարցն է թուլացել, որն ընկած էր բանակցությունների հիմքում:

«Բանակցությունների հիմքում ընկած ինքնորոշման հարցը էապես թուլացել է, և ներկայիս իշխանությունները գրեթե այդ հարցը չեն հետապնդում: Նետված է մի բանաձև, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից, ինքն իր ձևով այս բանաձևն ամբողջովին հակասում է ինքնորոշման իրավունքին և, ցավոք սրտի, ներկա իշխանություններն անընդհատ շարունակում են դա պնդել»,- ասաց նա:

Բացի սրանից, Շահնազարյանը նշեց, որ չի նկատել, որ ՀՀ իշխանությունները ընդհանրապես խոսեն կարևորագույն հարցերից՝ պատերազմը սկսել է Ադրբեջանը, և շարունակել է Ադրբեջանը: «Չի խոսվում այն ռազմական գործողությունների վտանգի մասին, որը գալիս է Ադրբեջանի կողմից: Իսկ Ադրբեջանը վերջին ամիսներին իրեն ներկայացնում է որպես ագրեսիայի զոհ, իսկ ՀՀ իշխանությունները այդ մասին չեն խոսում: Առաջին անգամ է, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի դիրքում են, իսկ Հայաստանը, կարծես թե, մեկ այլ դիրքում և այդ իմաստով՝ մեկուսացված: Ուստի ես դրական բան չեմ տեսնում»,- նշեց նա:

Շահնազարյանի խոսքով՝ բանակցային սեղանին դրված է, այսպես կոչված, «փուլ առ փուլ» տարբերակը: «Դա ոչ միայն Ադրբեջանի պաշտոնյաներն են ասել, սա ասվել է ԱՄՆ կողմից, ասվել է ՌԴ կողմից: Իսկ դա նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրվում է մի կողմ, առաջ է քաշվում որոշակի քանակությամբ տարածքներ հանձնելը, և բացարձակ կարևոր չէ, թե խոսքը մեկ-երկու կամ երեք շրջանի մասին է: Սա այն հարցն է, ինչը դրված է բանակցային սեղանին և քննարկվում է: Կա փաստաթուղթ. Հայաստանից բացի, բոլորն ասում են, որ կա»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե համեմատենք Ռուսաստան-Ադրբեջան ու Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, այդտեղ շատ մեծ տարբերություն կա և ոչ հօգուտ Հայաստանի: «Իշխանությունները բանակցություններ վարելիս ներկայացնում են միայն իրենք իրենց, պետք է ցույց տալ ռազմավարական գործընկերոջը, որ եթե նման պայմանավորվածություն են ձեռք բերում Հայաստանի իշխանության հետ, դա իրագործվելու որևէ հնարավորություն չկա: Ներկայիս իշխանությունների ձեռագիրը չափազանց պարզ է, իրենք արդեն սկսել են այդ քննարկումները, սա փաստ է, որքան էլ իրենք ուզում են հերքել»,- ասաց նա:

Ըստ Շահնազարյանի՝ Հայաստանի իշխանությունների նպատակն է՝ Արցախում ձևավորել իրենց ամբողջապես ենթակա իշխանություն, որոնք նույնպես համաձայնություն կտան այս՝ փուլ առ փուլ տարբերակին:

«Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների վտանգն էապես մեծացել է Ադրբեջանի կողմից, ես չեմ ասում, որ վաղը կարող է պատերազմ սկսվի, բայց կարող է սկսվել ցանկացած պահի: Ինձ համար ակնհայտ է, որ այդ դեպքում պետք է ուղղակի անընդունելի լինի, որպեսզի այս իշխանությունը ղեկավարի այդ գործողությունը»,- շեշտեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում