«ԵԱՀԿ Մինսկի Խումբը ԼՂ հակամարտության լուծման միակ ձևաչափն է». Լատվիայի նախագահականի պատասխանը Region Monitor-ի հարցմանը

«ԵԱՀԿ Մինսկի Խումբը ԼՂ հակամարտության լուծման միակ ձևաչափն է». Լատվիայի նախագահականի պատասխանը Region Monitor-ի հարցմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Լատվիա կատարածպաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Էգիլս Լևիտսի հետ։ Հանդիպումից հետո մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, տարածեցին հրապարակումներ հանդիպման մասին, որոնցում նշվում էր, որ Լատվիայի նախագահը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, ասել է, որ «այս հարցում իր երկրի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։

Կասկածի տակ դնելով Լատվիայի նախագահի՝ ադրբեջանական հրապարակումներում տեղ գտած հայտարարության իսկությունը՝ «Region Monitor»-ը հարցում է ուղարկել Լատվիայի նախագահի աշխատակազմ՝ խնդրելով հստակեցնել այս հարցում Լատվիայի պաշտոնական դիրքորոշումը։

Հարցմանն ի պատասխան ուղարկված նամակում Լատվիայի նախագահականը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի հարցում Լատվիայի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի հակամարտությունը կարող է լուծվել ոչ թե տարածքային ամբողջականության սկզբունքի, այլ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հարցին։ Կողմերը անդրադարձել են միջազգային իրավունքի սկզբունքներին, որոնք վերաբերում են տարբեր պատմական իրադարձություններին։ Լատվիան գտնում է, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքերի հիման վրա։ ԵԱՀԿ Մինսկի Խումբը ԼՂ հակամարտության լուծման միակ ձևաչափն է»,– ասվում է նամակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում