Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շարունակել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շարունակել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական փաթեթավորմամբ գործընթաց են տանում, որն այնքան ծիծաղելի է, որ անգամ «նիկոլական պատգամավորներն էին» «մանթրաշ» մնացել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության մասին, թե Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենան օրենքով նախատեսված գույք է, Արմեն Աշոտյանն ասել է, որ, եթե օրենքով են շարժվում, ապա ինչո՞ւ մոտ երկու տարի օրենքով նախատեսված կերպով Սերժ Սարգսյանին առանձնատուն չեն տրամադրում։

Հարցին՝ արդյոք հանրային պահա՞նջ էր Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը, Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ հանրությանը երկար տարիներ մատուցել են հեքիաթներ՝ Ռոբերտ Քոչարյանի չորս միլիարդի ու Սերժ Սարգսյանի եղբոր՝ 50/50-ի մասին. «Տարի ու կես է՝ միկրոսկոպով գործ են փնտրում Սերժ Սարգսյանի վրա, ինչ-որ գործարքի հիման վրա ցուցմունք են կորզում ու Արցախի համար շատ կարևոր փուլում մեղադրանք առաջադրում»։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով դատավարությանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ այս դատավարությունը սկսվեց քաղաքական ենթատեքստով, այնուհետև հասկացան, որ այս հարցում ոչինչ չի ստացվում, «ծլեց» Սիլվա Համբարձումյան «հավաքական կաշառատուն», ով նաև Քոչարյանի դեմ ցուցմունք տվեց. «Մարտի 1-ի գործը մտել է «տուպիկ»։ Այս գործն անհեռանկարային գործ է, որովհետև այստեղ նպատակը Քոչարյանին նստեցնելն է»։

Հարցին՝ խղճի խայթ չզգացի՞ն հանրապետականները, երբ միահամուռ կերպով Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելուն կողմ քվեարկեցին՝ տրվելով առաջին տպավորություններին, Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ հանրապետականները Մանվել Գրիգորյանին միանգամից չեն քննադատել, իրենք անգամ այն ժամանակ չեն քննադատել Գրիգորյանին, երբ նա ասաց՝ ինքը հանրապետական չէ։

Անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շարունակել Արցախի հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, մինչդեռ ամեն ինչ քանդել է՝ հարցը բերելով հյուծված դիվանագիտական կետին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում