Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը ներկայացվել է դատարան

Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը ներկայացվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշման դեմ բողոքն այսօր մուտք է եղել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ այն դեռևս չի մակագրվել որևէ դատավորի։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Փաստաբան Ա.Մակինյանը հայտարարել էր, որ չի հաղթահարվել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռմխելիությունը։ «ՀՀ նախագահը, համաձայն 2005թ. և 2015թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահը իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Պարոն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ այդ մասին ձևակերպում կա, որ պաշտոնական դիրքի օգտագործմամբ ինչ-ինչ գործողություններ է կատարել։ Մինչդեռ՝ Սահմանադրությունն ուղղակի արգելք է սահմանում»,- ավելի վաղ «Փաստինֆո»-ին ասել էր Ա.Մակինյանը։ Վերջինս՝ բողոք էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով դադարեցնել Ս.Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչը դատախազությունը մերժել էր։

Դատախազության որոշումը Մակինյանը որակել էր անհիմն։ Մասնավորապես դատախազությունն անտեսել է ՀՀ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը, յուրովի մեկնաբանել գործող իրավակարգավորումները»-գրում է լրատվամիջոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում