ՀՅԴ-ական երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ

ՀՅԴ-ական երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am:  Կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում ՀՅԴ-ական երիտասարդների բողոքի ակցիան` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ անդամները դարձյալ նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

ՀՅԴ-ական երիտասարդները նախարար Հարությունյանին էին ներկայացրել էին 6 կետից բաղկացած պահանջ.

1․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։

2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։

Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3․ Ապահովելով Հայոց լեզու և Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն և սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։

4․Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ և հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը։

Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության և կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:

Նախագծում պետք է որոշակի լինի նաև գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:

6. Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:

Երիտասարդների բողոքի ակցիային կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում