Այն, որ Ադրբեջանն արտահերթ ընտրությունների է գնալու, պարզ էր դեռ ամառվանից. Անժելա Էլիբեգովա

Այն, որ Ադրբեջանն արտահերթ ընտրությունների է գնալու, պարզ էր դեռ ամառվանից. Անժելա Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանն արտահերթ ընտրությունների է գնալու, պարզ էր դեռ ամառվանից, որի պատճառով ընդդիմությունը ահազանգում էր, պատճառաբանելով, որ արհեստականորեն երկարացվում էին պառլամենտական «սեսիաները»: Այս մասին Արման Սաղաթելյանի հեղինակային «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Հաղորդման շրջանակներում նրանք զրուցել են Ադրբեջանի տեղեկատվական և քարոզչական դաշտի վերաբերյալ:

Ըստ Սաղաթելյանի՝ մենք շատ լավ գիտենք, որ օբյեկտիվ իրականությունն ու այն, ինչ կատարվում է ադրբեջանական տեղեկատվական և քարոզչական դաշտում, մեկը մյուսի հետ քիչ առնչություն ունեցող երևույթներ են:

«Ավաղ, վերջին շրջանում փորձագիտական կարծիքները և մշտադիտարկումն առ այն, թե ինչ է կատարվում այդ երկրում, երբեմն իմանում ենք, իսկ այն, թե ինչ է իրականում կատարվում, հիմնականում չենք իմանում: Այդ բացը լրացնելու համար պետք է փորձենք հասկանալ, թե մենք ինչ փուլում ենք քարոզչական հակամարտության և քարոզչական պատերազմի ֆրոնտում և ինչպիսի դաշտերի կամ ինչ մեսիջների շուրջ է կառուցվում ներկայիս ադրբեջանական քարոզչությունը և ինչ ուղղություններով է ընթանում այն»,- նշել է Սաղաթելյանը և հավելել, որ պառլամենտական ընտրությունները լինելու են ավելի շուտ, քան նախատեսված է օրենքով, և որ կան կադրային տեղաշարժեր Ադրբեջանում.

«Այսպես կոչված՝ հին գվարդիայի մարդիկ համակարգից հեռանում են: Այդ մարդիկ տարիներ ի վեր ղեկավարել են Ադրբեջանի տեղեկատվական, քարոզչական, այդ թվում նաև հակահայկական քարոզչական բլոկն ամբողջությամբ: Գիտենք նաև, որ կա որոշակի ակտիվություն Ադրբեջանի փոխնախագահի համատեղությամբ: Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ տեղի ունեցավ այց Ռուսաստան, որից հետո ընդդիմության կողմից եղան փորձեր՝ ցույցերի և այլ գործիքակազմի միջոցով՝ նախապատրաստվելու այդ ընտրություններին, դիրքավորվելու և կոնսոլիդացվելու»,-ասաց նա:

Էլիբեգովայի կարծիքով՝ խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանն արտահերթ ընտրությունների է գնալու, պարզ էր դեռ ամառվանից, որի պատճառով ընդդիմությունն ահազանգում էր՝ պատճառաբանելով, որ արհեստականորեն երկարացվում էին պառլամենտական «սեսիաները»:

«Դրանից եզրակացվեց, որ մի բան այն չէ: Իշխող կուսակցության կողմից դա պաշտոնապես հերքվեց՝ նշելով, որ պառլամենտն իր էֆֆեկտիվությամբ լիովին բավարարում է և արտահերթ ընտրությունների գնալու որևէ խնդիր չկա, և դա կլինի 2020 թվականի աշնանը, ինչպես և պլանավորված էր»,- իր խոսքում նշել է փորձագետը՝ հավելելով, որ քանի որ նման բան արդեն արվել էր Իլհամ Ալիևի ընտրությունների հետ կապված, ընդդիմադիրների կողմից կային մտավախություններ առ այն, որ ներկայիս իշխանությունը կարող էր անել դա նաև հիմա:

«Այսպիսով, Մեհրիբան Ալիևան մտնում է նախապատրաստական փուլ՝ որպես ժառանգ և իրեն պետք է իր թիմը պառլամենտում, այս ամենը նա հիմնավորում է երիտասարդ, աշխատող կադրերի անհրաժեշտությամբ, որի հենքը պառլամենտում այս ընտրություններով Մեհրիբան Ալիևան կապահովի իր օգտին»,- ասել է Էլիբեգովան:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում