Հրանուշ Հակոբյան. 1990 թ-ին ընտրված Գերագույն խորհուրդն ամենամտավոր, ինտելեկտուալ կարող պառլամենտն էր (Տեսանյութ)

Հրանուշ Հակոբյան. 1990 թ-ին ընտրված Գերագույն խորհուրդն ամենամտավոր, ինտելեկտուալ կարող պառլամենտն էր (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սա այն խորհրդարանն էր, որը կարողացավ հիմքեր ստեղծել ազատ, անկախ Հայաստանի գոյության, զարգացման և օրենսդրության հետագա կատարելագործման համար, այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման ընթացքում անդրադառնալով հարցին, թե որն է իր համար եղել խորհրդարանի ամենահաջողված կազմն, ասել է ՀԽՍՀ, ՀՀ Գերագույն խորհուրդների և ԱԺ վեց գումարումների պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Մենք այս պառլամենտում սովորեցինք ինչ բան է օրենքը, ինչպես պետք է մշակել օրենքը, ինչպես պետք է ներկայացնել նախագիծը։ Այն դարձավ հիմնարար պառլամենտ և այդ պառլամենտում էր, որ մենք օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները բաժանեցինք իրարից։ Երևի մենք այն եզակի պետություններից էինք, որ առանց արյունահեղության կարողացանք իշխանության բաժանում կատարել։ Մեր հարևան երկրներում Գամսախուրդիան, Էլչիբեյը ցավալի վախճան ունեցան, որովհետև իշխանության բաժանում չկարողացան անել։ Նույնը կարող եմ ասել Ռուսաստանի մասին, երբ Պետական Դուման գնդակոծվեց, ամբողջ Գերագույն խորհրդի կազմին բանտարկեցին։ Այսինքն՝ մենք իշխանության բաժանումը կարողացանք շատ քաղաքակիրթ ձևով անել։ Նույն այս խորհրդարանում մենք խոսքի, խղճի, մամուլի ազատության մասին օրենքներն ընդունեցինք, կուսակցությունների մասին օրենքն ընդունեցինք, ստեղծեցինք Սահմանադրությունը մշակելու հանձնաժողով, հավանություն տվեցինք Սահմանադրության նախագծին, ընդունեցինք սահմանադրական մի շարք օրենքներ։ Այսինքն՝ երկրի բնականոն զարգացման համար 1990-1995թթ Գերագույն խորհուրդը կատարեց անասելի գործ»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։

Նախկին պատգամավորի խոսքով՝ այս խորհրդարանը պատգամավորների թվով ամենամեծն էր՝ 260 հոգի, որից 10-ը Արցախից ընտրված պատգամավորներն էին, քանի որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին հավանության էր արժանացել Արցախն Հայաստանին միացնելու մարզային խորհրդի որոշումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում