Ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով. Անի Սամսոնյանը՝ իշխող ուժին

Ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով. Անի Սամսոնյանը՝ իշխող ուժին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես իմ անվստահությունն եմ հայտնել իշխանությանը` ատելության խոսքի դեմ պայքարում, և դա ունի իր օբյեկտիվ հիմքերը, ես կարծում եմ, որ նախ և առաջ ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր պետք է սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով, բայց մեծ հույսեր ունեմ, որ այս աշխատանքային խումբը գործելու է անաչառ: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

«Եթե նման բան եք նախաձեռնում, գոնե պետք է ունենալ առաջնային պատկերացումներ՝ արդյոք այս խնդիրը կարգավորվող է, թե ոչ: Դուք` որպես առաջարկող, պետք է ներկայացնեիք մեզ՝ ինչ փորձ կա աշխարհում, որտեղ են քրեականացրել ատելության խոսքը և ինչպե՞ս եք Դուք բնութագրում, թե որն է ատելության խոսքը, որովհետև եթե մենք պետք է զբաղվենք մի բանով, որը կարգավորվող չէ, մենք կորցնելու ենք ժամանակ»,- ասաց պատգամավորը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ պատասխանեց, որ հարցը կարգավորվել է մի շարք եվրոպական երկրներում և այդ խմբի աշխատանքների ժամանակ կներկայացնեն փորձը: «Ատելության խոսքը սահմանվել է մի շարք փաստաթղթերում, այդ թվում` ՄԻԵԴ վճիռներում, այն սահմանվել է ռասիզմի և խտրականության եվրոպական խորհրդի կոնվենցիայում. այսինքն՝ մենք չպետք է նոր հեծանիվներ հորինենք, սա սահմանված է: Կան մի շարք փաստաթղթեր, որտեղ հստակ սահմանված են, թե որն է ատելության խոսքը և թե ինչ պայմաններ պետք է լինեն, որ խոսքը համարվի ատելության: Նոր սահմանումներ հորինելու խնդիր մենք չունենք»,- ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե հեղափոխությունից հետո ուղղորդված ատելության քարոզ չի եղել իշխանության կողմից:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր հանդեպ ատելության քարոզ է տարվել: «Երբ գերատեսչության աշխատողը կոչ էր արել վառել ինձ ու հպարտանում էր դրա համար, բա դա ի՞նչ էր: Մի՛ ասեք, թե չի եղել հեղափոխությունից հետո որևէ ուղղվածություն, իմ դեմ եղել է Թագուհի Թովմասյանի դեմ եղել է, իմ բազմաթիվ գործընկերների դեմ եղել է, «Լուսավորի» դեմ եղել է, հիմա եթե մենք գնալու ենք այն ճանապարհով, որ ասվելու է՝ չի եղել ոչինչ, որևէ բան չի եղել, դա արդեն նշանակում է, որ մենք ազնիվ չենք սկսում մեր այս կարևոր նախաձեռնությունը»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում