Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց խափանման միջոցի հարցով պաշտպանների բողոքը

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց խափանման միջոցի հարցով պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎերաքննիչ դատարանը` Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել:

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Նարինե Հովակիմյանը մերժել է նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացնելիս Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը նշել էր, որ դատախազն իր նկատմամբ ունի թշնամական վերաբերմունք:

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում