Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան

Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել: Շատ հայտնի մեխանիզմ է գործել. oլիգարխներին ստիպել են գումարներ տալ, այդ գումարները բաժանվել են տարբեր մարդկանց մեջ և նրանք գնացել, իրենց անուններով առանձին մուտք են արել «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Սա խոսում է այն մասին, որ օլիգարխներն ստիպված, որպեսզի չենթարկվեն վարչական բռնաճնշումներին, գումարները տվել են այս մարդկանց, այս մարդիկ էլ մուտք են արել հաշիվներ: Վստահեցնում եմ, որ իշխանափոխությունից հետո նվազագույնը 1 օլիգարխ, կգա և կգրի, որ ինքը ստիպված է տվել, որովհետև…: Պարզվեց, որ ՀՀ-ում կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև այստեղ մենք գործ ունենք ահռելի չափերի կոռուպցիայի հետ: Այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը և մի քանի տասնյակ մարդիկ հանցակցելով բավականին խոշոր չափերի ռեկետ են իրականացրել, ինչի արդյունքում իրենք անցկացրել են ճոխ քարոզարշավ»,– նշեց նա:

Օրերս Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր ԱԺ արտահերթ ընտրությունների ծախսերի վերաբերյալ հարցման պատասխանը, ըստ որի՝ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ արտահերթ ընտրություններին ծախսել է ավելի քան 274 մլն դրամ: Գումարների 100%-ը հավաքվել է նվիրատվությունից, նվիրատուներն են, օրինակ` Արարատ Միրզոյանը 5 միլիոն դրամ, Ֆելիքս Ցոլակյանը՝ 4.7 միլիոն դրամ, Դավիթը Սանասարյանը՝ 5 միլիոն դրամ, Արայիկ Հարությունյանը՝ 4.8 միլիոն դրամ, և ևս 154 մարդ տարբեր չափերի փոխանցումներ են արել «Իմ քայլը» հիմնադրամ: Իսկ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն հիմնադրամ փոխանցել է 100 մլն դրամ:

«Նվիրատուների ցանկից հետաքրքիր փաստեր ներկայացնեմ. Վահագն Հովակիմյանը 2018 թ. դեկտեմբերի 3-ին 2.7 մլն դրամ մուտք է արել այդ հիմնադրամ: Նրան բոլորը գիտեն և թող այդ մարդիկ ձեռքը դնեն իրենց խղճին և ասեն՝ Վահագն Հովակիմյանը այդքան գումար նվիրաբերելու հնարավորություն ունե՞ր, թե ոչ: Սիփան Փաշինյանը պետպաշտոնյա եղած ժամանակ հայտարարագրել էր 1 մլն 484 հազար դրամ աշխատավարձից եկամուտ և ունեցած գումարը 400 դոլար, 4 եվրո: Այս հայտարարագրով մարդը դեկտեմբերին 5 մլն դրամ մուտք է արել հիմնադրամ: Հակոբ Սիմիդյանը՝ հայտարարագրել էր 500 հազար դրամ, բայց վճարել է 3 մլն 600 հազար դրամ: Հրաչյա Հակոբյանը, որն ըստ ընկերների՝ անգամ ծխախոտի գումար չուներ, 1 մլն 363 հազար դրամ նվիրաբերել է»,- հայտնեց Նարեկ Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ Հայկ Գևորգյանը, Վահագն Թևոսյանը, Լենա Նազարյանը, Էդուարդ Աղաջանյանը 5 մլն-ական գումար են փոխանցել արդեն դեկտեմբերի 10-ին՝ ընտրություններից մեկ օր անց:

«Ինչ եք կարծում, այն մարդիկ, ովքեր փաբերում պարտքով գարեջուր էին խմում, միանգամից դարձան պատգամավորներ, խորհրդականներ, օգնականներ: Այդ մարդիկ 4-5 ամսվա ընթացքում կուտակելու էին այնդան ունեցվա՞ծք, և պատրաստ էին իրենց ունեցվածքի 100 տոկոսը նվիրաբերել հիմնադրամի՞, խիստ կասկածում եմ: Սա տեսնելով՝ ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան մի բան, որ այս իշխանությունները նախկիններից սոված են, նախկիններից ավելի են լափում»,- ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը նշում է, որ հիմնադրամին փոխանցված գումարները նույն ճանապարհով են փոխանցվել, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ էր արվում։

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդիկ են եղել, որոնք ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26: Դրանից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու փաստ չտեսանք: Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը կա՛մ ստում էր, կա՛մ հիմա էլ այդ ճամպրուկներով փողը գալիս է նախընտրական հիմնադրամ, Աննա Հակոբյանի հիմնադրամներ»,– ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում