Հայաստանը պատերազմի նախաշեմին է, ժողովրդին պետք է նախապատրաստել դրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանը պատերազմի նախաշեմին է, ժողովրդին պետք է նախապատրաստել դրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայաստանը պատերազմի նախաշեմին է և ժողովրդին պետք է նախապատրաստել պատերազմի: Այս մասին այսօր «Ադեկվադ դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգը հայտարարում է հակահեղափոխական, և մենք մտածում ենք, թե դա քննարկվում է զուտ հայաստանյան զարգացումների կոնտեքստում, սակայն պարզվում է՝ դա այդպես չէ: Որովհետև երբ այդ իրավիճակին նայում եմ Բաքվում իշխող մարդկանց աչքերով, թե նրանք ինչ ուղերձ են ստանում, ստացվում է, որ մեր պետական ապարատը չի կարող լուծել իր առաջ դրված խնդիրները»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ դրանից առաջ Ադրբեջանը փնտրում էր նաև պատերազմելու լեգիտիմ առիթներ, որոնք լիուլի տրվել են ՀՀ իշխանությունների կողմից դիվանագիտական տարբեր հարթակներում: «Հիմա ես իսկապես չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի սկսում պատերազմը, սպասո՞ւմ է Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեր բանակն այլևս մարտունակ չէ, բանակ չունենք, կարող եք գալ, որովհետև դիվանագիտական առիթները սաղ տվել ենք, հիմա փաստում ենք, որ պետական ապարատը գործունյա չէ, չի կարող իր առաջ դրված խնդիրները լուծել: Ուրեմն վերջին ուղերձին են սպասում»,– ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակից դուրս գալու համար այս պահին երկու կարևոր խնդիր է հարկավոր լուծել. «Առաջինը՝ ժողովրդին նախապատրաստել պատերազմի, որովհետև մեր ժողովուրդը պատրաստ չէ դրան հոգեբանորեն ու տեսականորեն, և դա դառնալու է ամեն տարվա «անսպասելի ձմռան» պես, երբ դեկտեմբերին ձյուն է գալիս և քաղաքապետարանից ասում են՝ անսպասելի ձյուն եկավ: Որպեսզի այս իրավիճակը չլինի, հիմա մեր հիմնական խնդիրն է ժողովրդին նախապատրաստել պատերազմի և ցույց տալ ժողովրդին, որ այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ կարող է մեզ առաջնորդել այդ պատերազմում: Այսինքն, իրենք՝ որպես առաջնորդներ, անպիտան են, անգործունյա և լուծում են միանգամայն այլ խնդիրներ։ Փաշինյանի համար «հեղափոխություն» բառը շատ ավելի կարևոր է, քան Արցախ, անվտանգություն, ժողովուրդ… այդ ամենը միասին վերցրած: Դա մենք բազմիցս տեսել ենք ու դրա համար մեզ նոր փաստարկներ պետք չեն»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է պատերազմի առջև, Ադրբեջանը բոլոր խոչընդոտները վերացրել է՝ դիվանագիտական խոչընդոտները, և հիմա նոր ուղերձներ է ստանում ՀՀ-ից. «Կարելի է ասել հրավեր է ստանում պատերազմի: Սա իրականություն է, եկեք այնպես չանենք, որ հանկարծ ձմեռվա կեսին մեր գլխին անսպասելի ձյուն գա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում