Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան

Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այն «չբանակցությունները», որ տեղի ունեցան և իշխանությունների կողմից որակվեցին որպես կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ են, որոնց շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով, Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում, օրինակ, ի թիվս այլ հնարավոր պայմանավորվածությունների, ձեռք է բերվել լրագրողներին փոխանակելու պայմանավորվածություն, ինչը գաղտնի էր պահվել։

«ԱԳՆ մամուլի խոսնակը երեկ ասաց, որ այդ փաստը գաղտնի է պահվել, որովհետև անվտանգության նկատառումներ կային։ Ինչ նկատառումներ էին դրանք, ես դժվարանում եմ ասել, քանի որ նախկինում նմամատիպ նախաձեռնություններ եղել են՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք»,– ասաց նա։

Անդրադառնալով Սերգեյ Լավորվի նշած հնգակողմ հայտարարությանը՝ Դանիելյանն ասաց, որ այդ հայտարարության տեքստն արդեն երևի պատրաստ էր, նույնիսկ՝ համաձայնեցրած բոլոր կողմերի հետ։ Բայց վերջին պահին, ինչ-ինչ պատճառներով այդ հնգակողմ հայտարարության մասին չխոսվեց։

«ՀՀ Աժ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունը տվել է, որ բանակցային գործընթացում մասնակցեն, այսպես կոչված, ադրբջանցի փախստականների ներկայացուցիչները։ Հետո Լևոն Զուրաբյանն է խոսում, որ ներկա պահին բանակցություններն ընթանում են Լևոն Տեր-Պետրոսյանի հոգով և սրտով։ Էս ամենը մեզ հուշում է, որ տեղի է ունենում ինչ-որ դավադրություն, որը զերծ է պահվում հանրության ուշադրությունից՝ տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով»,– նշեց Դանիելյանը։

Մեդիայի միջոցով մանիպուլյացիաներ անելու ռեսուրս, Դանիելյանի խոսքով, իշխանությունը դեռ ունի և ամեն կերպ օգտագործում է։

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները, որոնք Դանիելյանը որակում է որպես հեղաշրջում, վերջինիս համոզմամբ՝ նպատակ ունեին Արցախյան կարգավորման շուրջ Հայաստանի համար անընդունելի զիջումներ ապահովելու։

«Եվ իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանրության ուշադրությունից զերծ պահի էս թեման, որպեսզի գան, հասնեն մի կետի, որից հետո հանրությանը կտեղեկացնեն։ Իսկ ով էլ դեմ լինի, կամ կձերբակալվի, կամ կլռեցվի»,- նշեց Արթուր Դանիելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում