Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը առաջացնում է հարցեր, որին առնվազն պետք է ուշադիր լինել արտաքին քաղաքականության պլանավորման գործընթացում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Կասկած չի հարուցում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամի փուլում են, այն, որ ամերիկյան հասարակության մեջ այդ տրամադրություններն ունենում են իրենց դերակատարումը, նույնպես հարցեր չի առաջացնում: Սակայն նույն օրն ընդունել պատժամիջոցների վերաբերյալ բանաձև և չբավարարվել դրանով, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ում և տարածաշրջանում դաշնակցիդ, առնվազն մտածելու տեղիք է տալիս` արդյոք այս ուղերձը միայն Թուրքիայի՞ն է ուղղված», – նշում է Կարեն Բեքարյանը` հիշեցնելով, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ նույն օրը ընդունվել է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ բանաձև, իսկ Սենատում բանաձևի ընդունմանը նախորդել է հանձնաժողովի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների բանաձևի նախագծի ընդունումը:

«Միացյալ Նահանգներում նախընտրական գործընթացը դեռ ողջ թափով չի մտել իր տրամաբանության մեջ, իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, այսպիսի հարցերն ընդունվում են ամենահանգուցային պահերին, որպեսզի դրանք ունենան իրենց ազդեցությունը քվեների վրա: Հետևաբար, սա կարելի է դիտարկել պատճառների մեջ, սակայն հիմնական պատճառ դիտարկել ուղղակիորեն չի ստացվում», – ընդգծում է վերլուծաբանը:

«Մենք գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ», – ընդգծում է վերլուծաբանը: Կարեն Բեքարյանը հիշեցնում է, որ Սենատի բանաձևի ընդունումից առաջ` այս շաբաթ, Վաշիգտոնում կայացել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի և նախագահի հետ, իսկ Միացյալ Նահանգները, ինչպես գիտենք, Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնության հետ մշտապես ունեցել է նորանկախ հանրապետություններում ազդեցության թեժ մրցապայքար:

«Կա՞ արդյոք հնարավորություն դիտարկելու իրավիճակ, երբ ԱՄՆ-ում որոշման ընդունման գործընթացին մասնակիցներն առաջիկայում տեսնում են հնարավորություն հայ հասարակությանը որևէ կերպ ուղերձ հղելու պրոամերիկյան ընդհանուր համատեքստում: Եթե մեր տարածաշրջանը, այդ թվում մենք` Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կանգնած ենք ինչ-ինչ գլոբալ փոփոխությունների հնարավորության առաջ, ապա այս պարագայում Միացյալ Նահանգները հետամուտ են լինում առնվազն ուղերձ հղելու, որ այն ինչը կլինի մեր շահերի դեմ, իրենք դրա հետ որևէ կապ չունեն», – նշում է Բեքարյանը:

Կարեն Բեքարյանը չի կիսում տեսակետն առ այն, որ օրենսդիր մարմնի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը կապված է ԱՄՆ ներքաղաքական զարգացումների հետ, և որ այն ամերիկյան վարչակազմի, անձամբ Թրամփի կամ կուսակցություններից յուրաքանչյուրի կողմից 2020 թվականի ընտրություններին ընդառաջ ձայներ հավաքելու գործընթացի որոշակի դրսևորում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում