Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ռազմական գործողություններ սկսելու քողարկված սպառնալիք հնչեցրեց. Էլիբեգովա

Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ռազմական գործողություններ սկսելու քողարկված սպառնալիք հնչեցրեց. Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայկական կողմը պետք է արձագանքի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցրած բոլոր հայտարարություններին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Վերջինս նշեց, թե հարցազրույցում բարձրաձայնված ամեն թեզը հայկական կողմի համար խնդրահարույց է, որովհետև պարունակում է ապատեղեկատվություն, մանիպուլյացիաներ և հայ հանրությանն ուղղված քարոզչություն:

«Պետք է ֆիքսվի ադրբեջանական կողմի դեստրուկտիվությունն իր դիրքորոշման մեջ, որովհետև Մամեդյարովը փորձում է ներկայացնել այնպես, թե Ադրբեջանն է կոնստրուկտիվ, իսկ հայկական կողմն իր գործողություններով անընդհատ տապալում է բանակցային պրոցեսը»,-նշեց փորձագետը:

Էլիբեգովայի խոսքով՝ կարևոր է անդրադառնալ «Լավրովի պլանին». եթե բանակցային սեղանին դրված նման փաստաթուղթ չկա, պետք է հստակ հայտարարել դրա մասին:

«Առաջին դեպքը չէ, երբ Մամեդյարովը խոսում է սեղանին դրված փաստաթղթի մասին, իսկ հայկական կողմը պնդում է, որ որևէ փաստաթուղթ չկա: Պետք է հստակեցվի, որ մենք էլ հասկանանք՝ ինչի շուրջ են բանակցությունները կամ հանդիպումները, ինչ են խոսում կողմերը դրանց ընթացքում»,-նշեց Էլիբեգովան, ապա ընդգծեց, թե Ադրբեջանի արտգործնախարարը չբացառեց նաև կոնֆլիկտի լուծման ռազմական տարբերակը:

«Եվս մեկ անգամ քողարկված սպառնալիք հնչեց: Եթե իրենք չեն բացառում ռազմական գործողությունները, բայց դրա հետ միասին գալիս են բանակցությունների, այդ վարքագիծն արդեն ինքնին դեստրուկտիվ է»,-նշեց Էլիբեգովան:

Անդրադառնալով Մամեդյարովի այն մտքին, թե հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների մեջ գերակշռում են հույզերը, Անժելա Էլիբեգովան ասաց.

«Մամեդյարովն ընդհանուր առմամբ խոսում է, որ հայ հասարակության մեջ խնդրի վերաբերյալ ընկալումը հուզական է, և հանրությունը ծայրահեղ ներգրավված, հետաքրքրված է պրոցեսով, ինչը ես գնահատում եմ դրական. շատ կարևոր է, որ մեր հանրության համար թեման լինի առաջնային, և ցանկացած գործընթաց լինի հասարակության խոշորացույցի տակ: Կարևոր է, որ հենց ադրբեջանական կողմն է փաստում, որ հայ հասարակության համար թեման առաջնահերթություն է»:

Փորձագետը նշեց նաև, թե Մամեդյարովի այն միտքը, որ հիմնախնդրի կարգավորման առաջին փուլում պետք է լինի զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, կապերի հաստատում, նոր չէ:

«Դրանք իրենց կարմիր գծերն են, որոնցով գալիս են բանակցություններին, իսկ հայկական կողմն ունի ծայրահեղ հակառակ դիրքորոշում խնդրի լուծման շուրջ: Վերջինս առաջարկում է կենտրոնանալ մարդասիրական պրոյեկտների, ինչ-որ փոխանակումների վրա, փոքր քայլերով մթնոլորտ ստեղծել: Ադրբեջանական կողմն ինչ-որ չափով զիջման գնաց լրագրողների փոխայցի ընթացքում, բայց համարում է, որ դա որևէ կերպ չի օգնում բուն բանակցային գործընթացին մոտենալուն»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում