Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այդուհանդերձ ինձ շարունակում է զարմացնել այս ագրեսիան և անհանդուրժողականությունը ցանկացած կարծիքի հանդեպ, որը չի համընկնում մեծամասնության կարծիքի հետ: Այս մասին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից վարկ վերցնելու հարցի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այո, մենք իրավունք ունենք ողջախոհ հարցեր հնչեցնելու՝ ինչի՞ համար են ներգրավվում վարկերը, որովհետև, հարգարժան հիմնական զեկուցող, Դուք այդպես էլ չկարողացաք պատասխանել նպատակայնությանը, նպատակահարմարությանը և հնարավոր արդյունավետությանը»,- ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին դիմելով՝ ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ իրենք իրավունք ունեն տալու այդ հարցերը և իրենց համար բացարձակապես հասկանալի չէ, ագրեսիան այն կարծիքի հանդեպ, որը չի համընկնում նրանց տեսակետի հետ: «Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի»՝ այս հարթակից ամեն օր ինչ-որ բան հիշեցնելուն. այո, եղել են վարկեր, որոնց մենք քվեարկել ենք կողմ, դա եղել է զենքի ձեռքբերման վարկը, դա եղել է Գյումրիի ասֆալտապատման վարկը, բայց եղել են բազմաթիվ վարկեր, որոնց մենք դեմ ենք քվեարկել»,- ասաց պատգամավորը և հիշեցրեց 500 միլիոնանոց վարկը, որը ռուսական էր և բերել, ասում էին՝ քվեարկեք, հետո կասենք,թե ինչի համար է, որին իրենք դեմ են քվեարկել:
«ԲՀԿ-ն նման և նմանօրինակ վարկերին քվեարկել է դեմ: Հիմա ինչո՞ւ եք վրդովվում, որ մենք ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան. եթե մենք այսօր չունենք ֆինանսի խնդիր, ինչպես բազմիցս այս ամբիոնից ցիտել է ՀՀ վարչապետը, և դուք ասում եք՝ դե գումար է, արտոնյալ վարկ է, վերցնենք, հետո կմտածենք ինչի վրա ենք ծախսում: Դուք դա պետք է նախապես մտածած լինեիք, գոնե մոտավոր ճանապարհային քարտեզ ունենայիք, թե ինչ ուղղություններով է այդ վարկն իրացվելու, որպեսզի այս ամբիոնից այդ տրամաբանական հարցերը չհնչեին»,- ասաց նա:
Պատգամավորը իշխող մեծամասնությանը չվրդովվելու կոչ արեց. «Մի՛ վրդովեք, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի եք, անքննելի եք, և չի կարելի ձեզ քննադատել, չի կարելի ձեզ հետ չհամաձայնել: Սա ուղղակի հակասում է այն արժեքներին, որոնք հռչակելով, դուք եկել եք իշխանության: Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այլապես այս մթնոլորտն այս խորհրդարանում դառնում է ուղղակի անտանելի»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում