ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նախագիծը Սահմանադրական օրենք էր և անհրաժեշտ էր պատգամավորների թվի ընդհանուր ձայների 3/5-ը: Դահլիճում ներկա պատգամավորներից կողմ քվեարկեց 75 հոգի: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին: Գործուղման մեջ գտնվող 7 պատգամավոր էլ թողել էր իր կողմ ձայները:

Վարման կարգի վերաբերյալ ելույթում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ երեկ ամբողջ քննարկումը գնաց այն ուղղությամբ, որ ով դեմ է այս նախագծին, դեմ է երկրի զարգացմանը: Ըստ պատգամավորի՝ դա չի կարող ճիշտ և ճշմարտացի լինել, որովհետև այլակարծությունը մերժելը քաղաղաքական մեծամասնության կողմից դրվում է արդյունաբերական հիմքերի վրա: «Մենք կարծում ենք՝ այս թեզը ճիշտ չէ, որ նպաստ տալը 7 հոգու չի կարող երկրի զարգացման համար հիմնարար դրույթ լինել: Մենք միանշանակ դեմ ենք սրան, չի կարող այսպիսի անհեռանկար գործիքը լինել երկրի զարգացման հիմք, հակառակը՝ սա կարող է խարխլել երկրի, պետականության հիմքերը»,- ասաց նա:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա, դիմելով մեծամասնությանը, ասաց. «Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ ձեր կողմից նախանշված 88-րդ հոդվածը սահմանում է սոցիալական երաշխիքներ, ձեր կողմից ներկայացված նախագիծը որևէ կապ չունի սոցիալական երաշխիքների հետ, որովհետև ՍԴ օրենքի 88-րդ հոդվածը նվազագույնը 12 տարվա ծառայություն կամ հանրային ծառայություն զբաղեցրած անձին տալիս է համապատասխան երաշխիք, ձեր կողմից ներկայացվածը նաև հնարավորություն է տալիս 2 տարի աշխատած դատավորին գնալ վաստակած հանգստի՝ հարկատուի հաշվին, սա անընդունելի է»:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան. «Ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք՝ մանիպուլյացիա եք անում: Բա ի՞նչ անենք, դուք ո՞նց եք պատկերացնում: Սա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք. եկեք իրար հանդեպ հարգանքը չկորցնենք, դուք ձեր կարծիքն եք ասում, մենք՝ մերը: Ինչ ասում ենք, ուրիշ հիմնավորում չեք ունենում, ասում եք՝ մանիպուլյացիա է: Մանիպուլյացիան այն է, որ այստեղ ձևախեղվում է ՍԴ դատարանի մասին 88 հոդվածի 4-րդ մասը, որտեղ կոնկրետ հիմքեր է նախատեսում առողջական վիճակի հետ կապված հրաժարականի դեպքում, իսկ այստեղ առողջական վիճակի մասին խոսք չկա, սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում