Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան

Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ըստ էության երեկ պետաիրավական հանձնաժողովում վերախմբագրվել է նախագիծը, կոնցեպտուալ փոփոխությունների չի ենթարկվել, և քանի որ երեկ քննարկվել է, այժմ ավելացնելու ոչինչ չունի:

Ելույթով հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այս նախագիծը որևէ ձևով չի նպաստում Սահմանադրական դատարանում, նրանց ասած, քաղաքական իշխանության կողմից բարձրացված ճգնաժամի լուծմանը: «Նախ բազմիցս ասացինք, որ նման ճգնաժամ գոյություն չունի, ձեր կողմից ներկայացված խնդիրները որևէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով լուծման հետ, արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ձեր նպատակների և ձեր ընտրած միջոցների միջև անդունդը անընդհատ մեծանում է»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ փաստորեն իշխող մեծամասնությունն առաջարկում է մի նախագիծ, համաձայն որի խրախուսում են, ինստիտուցիոնալ մակարդակի են բարձրացնում և օրինականացնում անաշխատ եկամուտը: «Անձինք, ովքեր ձեր կարծիքով օրենսդրությունը խախտել են, ձեր իսկ առաջարկությամբ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի: Դուք այս նախագծով ուղարկում եք վաստակած երիտասարդությունը վայելելու՝ փոխարենը ստանալով քաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ: Այս նախագիծը ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ սոցիալական տրամաբանություն չունի և նման անտրամաբանական եղանակներով դուք չեք կարող ձեր առջև դրված խնդիրը լուծել: Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է և մենք, բնականաբար, դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում