ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան

ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am«Եթե ուզում են այս գործընթացին օրենքի տեսք հաղորդել, դա դեռ չի նշանակում, որ սա իրավական ճանապարհ է: Դա նույն բանն է, եթե, օրինակ այժմ ԱԺ մեծամասնությունը օրենք անցկացնի, որով ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորներին տարբեր եղանակներով խրախուսի մանդատները վայր դնել և անցնել կենսաթոշակի՝ ընդհուպ առաջարկելով հսկայական պարգևավճարներ տրամադրել: Դա տեսքով կարող է դառնալ օրենք, բայց բովանդակությամբ իրավական համարվել չի կարող: Նույնն այս դեպքում է»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ բազմաթիվ փորձեր են արվել՝ ՍԴ դատավորներից ազատվելու, որոնք անարդյունք են եղել, այդ պատճառով էլ դիմել են այս մեթոդին:

«Օրինակ՝ անհաջող փորձ արվեց ապացուցել, թե իբր նրանք դատավորներ համարվել չեն կարող: Ես չեմ պատկերացնում՝ ինչ տեղի կունենար, եթե Վենետիկի հանձնաժողովը չարձագանքեր. մինչև հիմա կթմբկահարեին, որ ՍԴ դատավորը մի բան է, անդամը՝ այլ բան: ՍԴ-ի մոտ բեմադրեցին «ժողովրդական ցասում» կոչվող արարողությունը, որի ընթացքում վիրավորանքներ էին հնչում դատավորների հասցեին, ու նրանցից մեկի նկատմամբ անգամ ֆիզիկական ուժ կիրառեցին, իսկ ոստիկանները կողքից հետևում էին ընթացքին: Փորձեցին քրեական գործեր ստեղծել»,-ասաց Ալումյանը:

Նրա խոսքով՝ թեև նշվում է, որ նախագիծը բացառապես կամավոր սկզբունքով է, իրականում կա երրոդ՝ ամենակարևոր տարրը:

«Եթե ընտրությունը ընդամենը լիներ՝ եթե ուզում եք անցնել կենսաթոշակի, անցեք, չեք ուզում, շարունակեք աշխատել, այլ հարց կլիներ, բայց կա սպառնալիք: Եթե նախընտրեք մնալ և աշխատել, հաշվի առեք, որ հնարավոր է՝ էլի քրեական գործեր հարուցվեն, էլի մարդիկ ՍԴ-ի շուրջ հավաքվեն, սկսեն ձեզ անպատվել, վարչապետն էլի եթերով անպատվի ձեզ: Եթե դատավորներն այս մտավախությունները չունենային, համոզված եմ, որ դատավորներից ոչ մեկը չեր ցանկանա կենսաթոշակառու դառնալ այդ տարիքում»,-նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ են ընտրվել հատկապես ՍԴ դատավորները, Ալումյանը պատասխանեց, թե չի կարծում, որ իշխանությունները չեն փորձելու մյուս դատավորներին էլ փոխել:

«Պարզապես ծախսատար եղանակ կլիներ ընդհանուր իրավասության կամ վարչական դատարանների դատավորներին փոխելու համար, դրա համար որոշել են այս մեթոդը կիրառել բացառապես ՍԴ դատավորների դեպքում: Կարծում եմ՝ ցանկացած իշխանությանը հնազանդվելու պատրաստ դատավորները կշարունակվեն պաշտոնավարել, մնացած դատավորներից կփորձեն ազատվել, մեթոդներն էլ կլինեն, հավանաբար, ոչ այդքան ծախսատար»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:

Հիշեցնենք նաև, որ նշված նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ սոցիալական բոլոր երաշխիքների պահպանմամբ:

Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում