Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց

Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների հարձակման գործով դատական առաջին նիստը: Քանի որ ամբաստանյալներից մեկը չէր ստացել մեղադրական եզրակացությունը, դատավորը հետաձգեց դատական նիստը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի հետո:

Նարեկ Մալյանն իր հերթին հայտարարեց, որ իր վրա հարձակվողների համար ՔՕ-ն նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում. «Տեսնենք, թե ինչ կորոշի դատարանը: Նրանց արարքը որակված է որպես ծանր հանցագործություն, ու ես հույս ունեմ, որ նրանք իրենց պատիժը կստանան իրավական դաշտում, կարիք չի լինի այդ դաշտից դուրս պատիժներ լինեն: Նրանց համար էլ այդպես ավելի լավ կլինի»:

Հարցին՝ բացառվում է արդյո՞ք հաշտություն մյուս կողմի հետ, Աթանեսյանը նշեց՝ ինչ հաշտության մասին կարող է լինել խոսքը, սա մասնավոր մեղադրանքի գործ չէ:

«Իրավական նորմերն ինձ թույլ չեն տալիս հաշտության եզրերի գալ: Սա մասնավոր մեղադրանքի շրջանակներում չէ: Սա հանրային վտանգավորություն ենթադրող գործողություն է»,-ասաց Մալյանը:

Աթանեսյանի խոսքերով, իրենք ակնկալում են արդարացի պատիժ՝ իրական ազատազրկում. «Առևանգման փորձ է եղել։ Երբ անձին իր միկրոաշխարհից կտրում են իր կամքի հակառակ, բռնությամբ տեղափոխում են այլ տեղ, դա առևանգում է: Փառք Աստծո այնտեղ ոստիկաններ են եղել և նրանցից ազատել են պարոն Մալյանին»:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 29-ին:

Նշենք, որ դատարանի մոտ հավաքված են մեծ թվով քաղաքացիներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Նարեկ Մալյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում