ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովները կոչ են արել Սպիտակ տանը ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Հիշյալ հանձնաժողովները պահանջել են նաև արգելել ամերիկյան արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային:

Ինչպես գրում է ermenihaber-ը, նշվում է, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը սպառնալիք է F-35-ի ծրագրին: Բացի այդ հանձնաժողովները առաջարկել են արգելել Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի ռազմական համագործակցությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ն հնարավոր է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառի Ռուսաստանի հետ իրականացվող «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարի ծրագրերի պատճառով:

Նշենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ հոկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր վերացնել Թուրքիայի դեմ սահմանված ողջ պատժամիջոցները:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար մտահոգիչ է Թուրքիայի` S-400 համակարգերի հետ կապված քայլերը և հավելել, որ շարունակում են Թուրքիայի հետ բանակցություններիը ռուսական ՀՕՊ համակարգերի խնդրի լուծման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում