Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն

Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում: Այս մասին «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել:

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Հարգելի՛ գործընկերներ,

«Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերության հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են մինչ օրս:

Օրինակ, քաղաքապետարանը շարունակաբար թույլ չի տալիս, որ «Սանիթեք» ընկերությունը տնօրինի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ խոչընդոտելով ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին:

Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation):

Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը: Կառավարությունը որևէ կերպ չի արձանագանքել ծանուցմանը և որևէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում