Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արցախյան հարցի շուրջ բանակցություններն ավելի շատ վտանգներ են պարունակում, քան՝ դրական դինամիկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ դրանք արդյունավետ փուլ կտեղափոխվեն Արցախի ուղղակի ներգրավածության պարագայում։

-Պարոն Աբրահամյան, պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը, որում հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է համարում միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այսպիսի դիրքորոշման պարագայում բանակցությունները կարո ՞ղ են արդյունավետ լինել: Արդյոք փաստաթղթով Ադրբեջանը չի՞ պատասխանում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված մոտեցումներին:

-Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման տարածումը երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ արդեն իսկ խոսում էր այն մասին, որ կառուցողական երկխոսություն կառուցելու հնարավորությունները կտրուկ նվազում են:

Միջնորդները կամ պետք է կանխեին, կամ դրանից հետո պետք է հրապարակային արձագանքեին Ադրբեջանի այդ քայլին, հակառակ դեպքում նրանց լուռ համաձայնությամբ իրականացվեց մի քայլ, որը հակասում է նույնիսկ համանախագահների համատեղ հայտարարություններին:

Այս ձևով քաղաքական շփումները չեն կարող էական ազդեցություն ունենալ բանակցությունների վերսկսման կամ դրանք բնականոն հուն տեղափոխելու վրա:

-ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության էսկալացիայի իրական սպառնալիք կա։ Այս փուլում պատերազմի վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք:

-ԵԱՀԿ գործող նախագահի այս գնահատականը լավագույն ձևով ի ցույց է դնում այն ռազմաքաղաքական իրադրությունը, որը գոյություն ունի և այն ռիսկերը, որոնք կարող են տարածաշրջանային ցնցումների հանգեցնել:

Որքան էլ միջնորդներն իրենց ամփոփիչ հայտարարությունում փորձել էին նաև դրական դինամիկան ցույց տալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների նվազման կամ լրագրողական փոխայցերի կտրվածքով, այնուամենայնիվ, ընդհանուր մակարդակում, բանակցային գործընթացում առկա վիճակն ավելի շատ վտանգներ է պարունակում, քան դրական դինամիկա:

-ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: 3.5 ժամ տևած հանդիպումից որևէ դրական տեղաշարժ կարո ՞ղ ենք սպասել:

-Այդ հանդիպման ամենադրական հանգամանքը հաջորդ հանդիպման ուրվագծումն է, որը նախատեսում է նաև ամենաբարձր մակարդակով հանդիպման կազմակերպում:

Սակայն այս ամենի ամենաառանցքային հարցն այն է, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ, որպես բանակցությունների հիմք ներկայացնում են մի փաստաթուղթ, որի վերաբերյալ կողմերն այդպես էլ վերջնական դիրքորոշում չեն արտահայտել:

Հայտնի երեք սկզբունքներն ու տարրերը պարունակող առաջարկի 2009-12 թվականների տարբերակի վերաբերյալ գոնե հրապարակային գնահատականներ չկան: Անուղղակի ձևով կողմերը դրանց անդրադառնում են իրենց պաշտոնական դիրքորոշումներում, Հայաստանի վարչապետն էլ մի քանի առիթով նշել է, որ տարընթերցումներ չլինելու համար այդ առաջարկների շուրջ անհրաժեշտ են լրացուցիչ պարզաբանումներ:

Բանակցություններում առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերը պաշտոնապես արձագանքեն՝ պատրա՞ստ են եղած առաջարկների փաթեթով շարժվել, թե՞ պետք է նոր առաջարկների ուղղությամբ աշխատել: Թե չէ հումանիտար բնույթի պայմանավորվածությունները, փոխայցերը և այլն, դրանք զուգահեռ ընթացող պրոցեսներ են:

-Ստացվում է, որ համանախագահներն առաջարկում են առաջ ընթանալ այն փաստաթղթով, որը դրված է եղել նախորդ իշխանությունների առա՞ջ:

-Այդպես է ստացվում, համանախագահներն արդեն որերորդ անգամ իրենց հայտարարություններում նույնիսկ այդ առաջարկների ժամանակահատվածն են ֆիքսել, որովհետև տասը տարի առաջ ընդունված Մադրիդյան փաստաթուղթը տարբեր ժամանակահատվածներում տարբեր մշակումներ է ունեցել, միջնորդներն առաջարկում են դրա նախնական մշակումների տեքստը:

-ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում խոսել էր փոխզիջումների հնարավորությունների առկայության մասին, առանց Արցախին բանակցություններում ներգրավելու այս առումով կարո ՞ղ է քննարկում լինել:

-Փոխզիջում ասվածը շատ հարաբերական ձևակերպում է: Ի դեպ, Ադրբեջանն իր հայտարարություններում պարզորոշ ձևով ցույց է տալիս, որ բանակցություններում իր մասով փոխզիջման տեղ չի տեսնում: Այս պարագայում միջնորդները պետք է ակտիվացնեն աշխատանքն Ադրբեջանի հետ, որովհետև նրա արտահայտած դիրքորոշումը ծայրահեղ բնույթ է կրում, իսկ այդ դիրքորոշման պնդումը կբերի բանակցությունների դադարեցման, որովհետև առաջ շարժվելու տեղ չի թողնում:

Այս ողջ թեմայում ամենակարևոր հարցը հենց Արցախի ուղիղ ներգրավվածությունն է, որի հարցն Ադրբեջանն ամեն կերպ փորձում է շրջանցել: Սակայն որքան էլ խուսափի, նվազագույնը միջնորդների համար պարզ է, որ առանց Արցախի ցանկացած պայմանավորվածություն որևէ արդյունքի չի կարող հանգեցնել: Որքան շուտ Արցախն ուղղակի ներգրավվածություն ունենա բանակցություններում, այնքան արագ հնարավոր կլինի շփումներն ու բանակցություններն առավել արդյունավետ փուլ տեղափոխել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում