Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր

Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանում ընդդիմությունն այսօրվանից բողոքի ցույցեր է անցկացնում շրջաններում: Առաջինը Վրաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Քութայիսում է: Նախատեսվո՞ւմ է բողոքի ցույց անցկացնել Ախալքալաքում և ե՞րբ: Jnews-ի հարցերին պատասխանելով՝ Ախալքալաքում «Եվրոպական Վրաստանի» տարածաշրջանային կազմակերպության նախագահ Արսեն Կարապետյանը վստահեցրել է, որ բողոքի ցույց կլինի նաև Ախալքալաքում:

«Հիվանդության պատճառով ես չեմ գնում Քութայիս: Որպես այդպիսին, մոբիլիզացման անհրաժեշտություն չկա, քանի որ Քութայիսում մենք ունենք շատ կողմնակիցներ: Ախալքալաքում, ցույցերն ինքնըստինքյան կլինեն: Ամենուր կլինի հաջորդական կարգով՝ անհրաժեշտությունից ելնելով, բայց երբ կլինեն ցույցերը, ես չեմ կարող ասել»,-ասել է Արսեն Կարապետյանը:

«Ազգային շարժումից» Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Ռաիսյանն ասել է, որ Ախալքալաքում բողոքի ցույցն անակնկալ կլինի իշխանությունների համար:

«Թե երբ Ախալքալաքում ցույց կլինի, ես չեմ խոսի, քանի որ մեզ գաղտնալսում են, և այն մարդիկ, ում հետ մենք կապ ենք հաստատում, հայտնվում են ծանր իրավիճակներում: Նրանց կանչում են «երկնագույն շենք» (Վրաստանի Պետական անվտանգության ծառայություն)»,-նշել է Աշոտ Ռաիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում