Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ)

Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես և տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով, հայտնում են ոստիկանությունից։

Հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկել էին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Արդյունքում հայտնի է դարձել զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ Պարզվել է նաև, որ սպանության փորձ կատարած անձինք եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի կողմից։ Վերջինս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա կալանավորվել է։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերլ են նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներով հայտնի է դարձել, որ հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահում։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկել են հիվանդասենյակը և հայտնաբերել ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում