ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալայանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին:

«Վերջին 48 ժամում մենք չենք կարողանում ՀՀ իշխանություններից որևէ հոդաբաշխ պատասխան ստանալ, թե ինչ է տեղի ունեցել Բրատիսլավայում, ինչ օրակարգի շուրջ է եղել հանդիպումը: Մենք ունենք իրավիճակ, երբ պաշտոնական գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, ամեն գնով փորձում է մեզ հրամցնել, որ դրանք բանակցություններ չեն, այլ՝ կոնսուլտատիվ բնույթի հանդիպումներ, մինչդեռ հանդիպման մյուս կողմերը՝ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ ադրբեջանական կողմն աներկբա պնդում են, որ հենց բանակցություններ են եղել»,-ասաց Տեր-Նակալյանը:

Նա հիշեցրեց՝ Մնացականյանի ելույթի հայերեն տեքստը չէր համապատասխանում բնօրինակին, որն անգլերեն էր: «ԱԳՆ-ն փորձեց դա մատուցել որպես վրիպակ, բայց կարծում եմ՝ ցանկացած մարդու համար հասկանալի է, որ եթե խոսում ենք վրիպակի մասին, խոսքը կարող է լինել տառասխալի, սխալ թարգմանության, կետադրական սխալի մասին, բայց երբ հայերեն տեքստում հայտնվում են ամբողջական երկու նախադասություններ, որոնք ոչ մի աղերս չունեն բնօրինակի հետ, դա արդեն ոչ թե վրիպակ է, այլ քաղաքական որոշում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարում Հայաստանում կատարվողը կոչվում է խառնաշփոթ:

«Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մայիսից արցախյան հիմնախնդրի ու դրա լուծման վերաբերյալ արել է տարբեր հայտարարություններ, որոնց մեջ չկա ոչ կոնկրետիկա, ոչ էլ ներդաշնակություն: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ծայրահեղության մեջ են՝ ներքին լսարանին ներկայացնում են մի առասպելակույտ, որը կտրուկ հակասությունների մեջ է իրականության հետ»,- ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամը:

Նա նշեց, թե ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի ապագան ու անվտանգությունը կախված են Նիկոլ Փաշինյանից, նրա քմահաճույքներից, վրիպումներից, սխալներից:

«Ըստ այդմ, մենք կարծում ենք՝ ժամանակն է, որ ՀՀ-ն ու ԱՀ-ն կատարեն բեկումնային քայլ, որպեսզի մի կողմից մինիմալացնեն մարդկային գործոնը, մյուս կողմից բարձրացվի ԱՀ սուբյեկտայնությունը: Մենք առաջարկում ու պահանջում ենք, որ շատ արագ՝ մոտ ապագայում, կնքվի ռազմական փոխօգնության համաձայնագիր ՀՀ-ի և ԱՀ-ի միջև: Այդ լուծումն ունի մի շարք հնարավորություններ՝ կբարելավվի մեր անվտանգությունը շփման գծում, կհզորացվեն մեր բանակցային դիրքերը, որովհետև առ այսօր ունենք խնդրահարույց կետեր, որոնք օգտագործվում են մեր դեմ»,- հայտարարեց Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ նշելով նաև, թե միակ կողմը, որ կարող է դեմ արտահայտվել ռազմական փոխօգնության համաձայնագրին, գործող իշխանությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում