Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Փաստաբանի պատասխանը

Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Փաստաբանի պատասխանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատախազները, ինչպես նաև Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների պաշտպան Սեդա Սաֆարյանը, միջնորդեցին Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնել:

Ինքնաբացարկի միջնորդության համար հիմք հանդիսացել է դատավորի անաչառության մասով կասկածը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատավորի մասին զրպարտրական տեղեկություն է տարածվել, դատավորը դիմել է քրեական գործ հարուցելու, ինչի հիման վրա ասում են, որ նա չի կարող այդ գործը քննել. «Եթե դա դիտվի որպես չափանիշ, ցանկացած գործով ցանկացած մեկը կարող է նույն իրավիճակը ստեղծել»:

Ալումյանը նշեց, որ միջնորդությունը հիմքեր չունի, սակայն դատավորը կարող է բավարարել այն, քանի որ որևէ դատավոր չի ցանկանում քննել Քոչարյանի գործը՝ հաշվի առնելով այն, թե ինչ է լինում ոչ մեղադրող կողմի շահերից բխող որոշում կայացնող դատավորների հետ. «Այստեղ կարող է երկու պահ համընկնել իրար հետ՝ դատախազության շահը՝ ձերբազատվել այս գործով այս դատավորից և դատավորի շահը՝ այս գործի հետ առնչություն չոունենալու: Դուք հիշում եք, թե քանի դատավոր է տարբեր հիմքերով ինքնաբացարկ հայտնել, քանի որ նրանք գիտեն, թե ինչեր կարող է իր հետ լինել, եթե փորձի օբյեկտիվ քննել գործը: Ես հասկանում եմ, որ դատավորները, կոնկրետ Պապոյանին նկատի չունեմ, շատ բացասական են ընդունում այն, որ Քոչարյանի գործն ինքն է քննելու: Ես չէի ուզի, որ այս դեպքում նման բան լինի»:

Ալումյանին հարց ուղղեցին նաև այն մասին, թե ինչ է մտածում Քոչարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին: Ալումյանն ասաց, որ չեն խոսել իրար հետ, եթե խոսացած էլ լիներ, չէր ասի:

Հարցին՝ արդյո՞ք նրան չի հետաքրքրում Սերժ Սարգսյանի գործը, Ալումյանը նշել է, որ երկրորդ նախագահի հետ քննարկում է նրան վերաբերող գործը, ոչ մի բան ավել:

Ինչ վերաբերում է հարցին՝ վստահում են արդյո՞ք իրենք դատավոր Մխիթար Պապոյանին, Ալումյանը պատասխանեց, որ վերջինս բարձր վարկանիշ ունեցող դատավոր է, իսկ դա տարիների արդյունք է. «Նա տարիներ շարունակ ունի ամենաբարձր վարկանիշներից մեկը: Դա մեզ որոշակի աստիճանի հույս է տալիս, որ նա կարող է չգնալ օրենքի խախտման անգամ ճնշումների պարագայում»:

Բացի դրանից, փաստաբանը հայտնեց, որ սա առաջին անգամն է, երբ իրենց թույլատրվել է ներկա գտնվել մակագրման գործընթացին. «Այս անգամ ամեն ինչ եղել է մեր աչքի առաջ: Գոնե այդ մակագրման գործընթացը տեսնելով՝ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ եղել է օրենքով: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք չենք կարող կասկածի տակ դնել պարոն Պապոյանի անաչառությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում