Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից

Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիների ներկայացուցիչները՝ երեք հոգի, հանդիպեցին վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ: «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ Ա. Ղազարյանն իրենց ընդունել է վարչապետի անմիջական հանձնարարությամբ:

«Ժողովրդին հայտնելու լավատեսական բան չունենք: Ըստ էության ասվեց, որ արծվաշենցիների խնդիրն առաջնահերթությունների մեջ չէ, բայց հերթի մեջ է: Վարչապետը տեղյակ է մեր խնդրից, ժամանակի ընթացքում լուծում կտրվի»,- հավաքված արծվաշենցիներին փոխանցեց նա:

Նրա խոսքով, ակնկալել, որ վաղը, մյուս օրը հարցը լուծվելու է, ռեալ չէ, բայց ուզում է հավատացած լինել, որ այն կլուծվի: Յ. Ղուլյանի խոսքով, պետք է աշխատել մարզպետի հետ:

Արծվաշենցիներն ասացին, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից:

«Որոշակի վիրավորվածություն ունենք, բայց հետևողական ենք լինելու, որ խնդիրը լուծվի: Արծվաշենցիները չեն նահանջելու, շարունակելու են իրենց արդար խնդիրները բարձրաձայնել»,- ասաց Յ. Ղուլյանը:

Հիշեցնենք, որ արծվաշենցիները տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Նրանք նշում են, որ 2009 թվականից խոստացած փոխհատուցումը՝ 6 միլիարդ դրամ, դեռ չի տրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում