Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին լիտվական Delfi պարբերականին տված հարցազրույցում նշել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիքի է Նաուսեդան կոնկրետ Թուրքիայի մասին, քանի որ Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային և հորդորում թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման և որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արեւմուտքից», Լիտվայի նախագահը պատասխանեց. «Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արեւմուտքը կհասնի որեւէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որեւէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին եւ առհասարակ աշխարհին:

Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարեւորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միեւնույն ժամանակ վերահսկել իրավիճակը եւ եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որեւէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարեւոր` իմ նշած հանգամանքների շնորհիվ»:

Լիտվայի նախագահը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը: Հարցին, թե կարո՞ղ է պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը, Նաուսեդան պատասխանել է. «Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ (Հայոց ցեղասպանության ճանաչում) ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է և մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել ևս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում