Փաշինյանի մոտ ձեռագիր է դառնում անվտանգային հարցերում պատասխանատվությունն ուրիշներին պատվիրակելը. փորձագետ

Փաշինյանի մոտ ձեռագիր է դառնում անվտանգային հարցերում պատասխանատվությունն ուրիշներին պատվիրակելը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է Հայաստանի և Արցախի անվտանգության համար պատասխանատվությունը կիսել ուրիշների հետ: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, Բիշքեկում Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար»: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

«ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանի զենք վաճառելը մեզ համար անընդունելի է, և դրա մասին բարձրաձայնվել է մշտապես: Սակայն Հայաստանի իշխանությունները պատերազմը կանխելու հարցում երբեք հույսեր չեն կապել ՀԱՊԿ-ի հետ, մենք վստահ ենք եղել մեր ուժերի վրա: Նույնիսկ սահմանային ամենասուր լարվածության պայմաններում Հայաստանն ուղղակի կամ անուղղակի չի դիմել ՀԱՊԿ-ին: Ի՞նչ է փոխվել հիմա: Մենք ընդունո՞ւմ ենք, որ միայնակ ի վիճակի չենք հակազդելու Ադրբեջանին, թե՞ ուղղակի անում ենք հայտարարություններ` առանց հաշվարկելու դրա հետևանքները»,- նշում է փորձագետը:

«Բացի այդ, կարծես թե, ձեռագիր է դառնում Հայաստանի և Արցախի անվտանգության համար պատասխանատվությունն ուրիշներին պատվիրակելը: Ավելի վաղ վարչապետը հայտարարում էր, որ պատերազմը կանխելու հնարավորություն ունի Ռուսաստանը, հետո` ինչ-որ դավադիր ուժերի էր մեղադրում պատերազմ հրահրելու մեջ, հիմա պատերազմը կանխելու ակնկալիքներ ունի ՀԱՊԿ-ից: Անվտանգային հարցերում նման մոտեցումը չի կարող նպաստել արդյունավետ անվտանգային քաղաքականության իրականացման»,– եզրափակեց փորձագետը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում