Ստամբուլյան կոնվենցիայի նպատակն ընտանեկան բռնությունը կանխարգելելը չէ․ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլյան կոնվենցիայի նպատակն ընտանեկան բռնությունը կանխարգելելը չէ․ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, News.am: Երբ մենք պետք է ընտրություն կատարենք օտարերկրյա կանոնների եւ մեր ազգային արժեքների միջեւ, մենք ընտրում ենք ազգային արժեքները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը՝ ներկայացնելով Ստամբուլյան կոնվենցիայի մասով բուլղարական փորձը։

«Որպես Բուլղարիայի սոցիալական կուսակցություն մենք հանդիսանում ենք Եվրոպական սոցիալիստական կուսակցությունների դաշինքի անդամ, որը Ստամբուլյան կոնվենցիայի ետեւում կանգնած կուսակցությունն է։ Երբ մենք սկսեցինք պայքարը կոնվենցիայի դեմ, դաշինքը 4 պատվիրակություն ուղարկեց, որ մենք ընդունենք այդ փաստաթուղթը։ Իհարկե մենք չէինք կարող դա անել։ Առանց որեւէ որոշման Բուլղարիայի ինստիտուտները պաշտոնական փաստաթղթերում սկսեցին գրել ոչ թե հայր կամ մայր, այլ ծնող 1, ծնող 2, բայց բողոքների եւ ցույցների շնորհիվ այդ գործընթացը դադարեց, սակայն Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու համար ճնշումը չդադարեց։ 10 օր առաջ Եվրոկան խորհրդարանը քվեարկեց, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ որը չի վավերացրել կոնվենցիան, պետք է վավերացնի։ Սակայն ամբողջ ժողովուրդը դեմ է կոնվենցիայի վավարեցմանը եւ կարծում եմ՝ ԵՄ-ն տանուլ կտա։ Բուլղարական փորձը կարեւոր է, որը ցույց է տալիս, թե երկրները, որոնք դեմ են կոնվենցիային, ինչ պետք է անեն։ Մեզ հաջողվեց միավորել տարբեր կազմակերպությունների եւ անհատների, ակտիվիստների, եկեղեցուն եւ կանգնեցրեցինք այդ փաստաթուղթը, որովհետեւ երբ մենք պետք է ընտրություն կատարենք օտարերկրյա կանոնների եւ մեր ազգային արժեքների միջեւ, մենք ընտրում ենք ազգային արժեքները»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ Բուլղարիայի համար կարեւոր էր, որ մեր նախագահը կանգնեց ժողովրդի կողքին, եւ մեր հաղթանակի մեծ մասն էր։

«Մենք չենք ցանկանում կանանց ծեծել, մենք ունենք ընտանեական բռնության դեմ օրենք։ Պարզ է, որ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակը ընտանեկան բռնությունը կանխարգելելը չէ, այլ գենդերային գաղափարախոսությունը դպրոցներում ներդնելը»,-ասաց նա։

Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորը շեշտեց՝ իրենք գեյերի, տրանսգենդերների դեմ չեն․ «Մենք կարծում եմ լավ օրենքներ ունենք, որ նրանց իրավունքները պաշտպանում են, մենք Ստամբուլյան կոնվենցիայի կարիքը չունենք»։

Նշենք, որ պատգամավորը Հայաստանում է «Ազգային օրակարգ» կուսակցության հրավերով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում