Սորոսականները իշխանություն են և մեծ լծակներ ունեն. Նարեկ Մալյան (տեսանյութ)

Սորոսականները իշխանություն են և մեծ լծակներ ունեն. Նարեկ Մալյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Tert.am: Այսօր ստացա ծանուցում, որ Դանիել Իոաննիսյանի մերժված և ժամկետանց հայցը Վերաքննիչ դատարանն անհասկանալի պատճառներով նորից քննության է ուղարկել Առաջին ատյանի դատարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Ենթադրում եմ, որ Առաջին ատյանի դատարանը կկայացնի որոշում՝ հօգուտ Դանիել Իոաննիսյանի: Նրանք կփորձեն ինձ պարտադրել, որպեսզի ես ներողություն խնդրեմ Դանիել Իոաննիսյանին ստախոս անվանելու համար»,- նկատեց նա և հավելեց, որ ըստ նրա, սորոսականները իշխանություն են և բավական մեծ լծակների են տիրապետում:

Նարեկ Մալյանը ներկայացրեց, որ Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ հայց էր ներկայացրել նրա դեմ, որպեսզի Իոաննիսյանին ստախոս անվանելու համար ներողություն խնդրի: Նա ներկայացրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարին, երբ Ասյա Խաչատրյանը հրապարակել էր Ադրբեջանի դրոշի հետ լուսանկարը:

«Ես մի գրառում տեղադրեցի ու խնդրեցի, որ Դանիելը հերքի իր տարածած այն սուտը, որ Ասյան 18 տարեկան է, իրականում նա 21 տարեկան է»,– ասաց նա և հիշեցրեց, որ այդ տեղեկությունը տարածվել է Դանիել Իոաննիսյանի sut.am կայքում (այժմ այն կոչվում է fip.am):

Նարեկ Մալյանը ներկայացրեց, որ այդ նյութում նշվում էր, որ Ասյա Խաչատրյանը միայն լավ ծառայություններ է մատուցել մեր երկրին: Նարեկ Մալյանը նաև ցանկացել է իմանալ, թե ինչ ծառայություններ են եղել դրանք:

«Ես ասացի, որ եթե Դանիել Իոաննիսյանը 24 ժամում այդ մասին փաստեր չներկայացնի, ապա ես իրավունք կունենամ նրան ստախոս անվանել: Ընդ որում՝ նրան ստախոս անվանել ոչ թե նրան վիրավորելու համար, այլ արձանագրելու նրա գործողությունները: Դանիել Իոաննիսյանի սուտը ես ապացուցեցի»,- ասաց նա:

«Դանիել Իոաննիսյանն ինձ դատի տվեց ժամկետի խախտումով: Անկեղծ ասած ես դատին պատրաստված էի, բայց քանի որ Դանիելը մեկ ամսի ուշ էր դատարան ներկայացրել, դատարանը վարույթը մերժել էր»,– նշեց Մալյանը:

Մալյանի խոսքով՝ Իոաննիսյանը մոտ է կեղծ սկոլիոզով ճողոպրած մի պաշտոնյայի հետ, որը, ինչպես Մալյանը նշեց, ակտիվ միջամտություն ունի Վերաքննիչ դատարանի այն որոշման վրա, որ հայցը հետ վերադառնա Առաջին ատյան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում