Թրամփը հայտարարել է, որ պաշտոնանկության գործընթացը միայն կօգնի իրեն հաղթել ընտրություններում

Թրամփը հայտարարել է, որ պաշտոնանկության գործընթացը միայն կօգնի իրեն հաղթել ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատների նախաձեռնած պաշտոնանկության գործով հետաքննությունը միայն կօգնի իրեն հաղթել 2020 թվականի նախագահական ընտրություններում, գրում է Washington Post-ը:

«Կարծում եմ, որ այս ամենը մեզ կհանգեցնի ընտրություններում հաղթանակի»,– Ֆլորիդայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ՝ հայտարարել է Թրամփը:

«Մենք պարզապես ամբողջությամբ շահել ենք վերջին երկու շաբաթները»,- հավելել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Կոնգրեսում պաշտոնանկության վերաբերյալ լսումները:

Դեմոկրատ ընտրողները գրեթե միաձայն պաշտպանում են Թրամփի պաշտոնանկությունը, մինչդեռ հանրապետականները ճնշող մեծամասնությամբ դեմ են հանդես գալիս: Պաշտոնանկության որոշ կողմնակիցներ մտավախություն են հայտնել, որ գործընթացը կարող է ընտրությունների նախաշեմին համախմբել Թրամփի ընտրազանգվածին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում