Լյուկ Դևին․ Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասով ԵՄ որոշ անդամ պետություններ խնդիրներ ունեն

Լյուկ Դևին․ Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասով ԵՄ որոշ անդամ պետություններ խնդիրներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Վիզաների ազատականացման հարցը ԵՄ անդամ երկրների իրավասությունն է, այն ԵՄ հանձնաժողովի իրավասությունը չէ։ Որոշ անդամ պետություններ խնդիրներ, հարցեր ունեն, ենթադրենք ՀՀ քաղաքացիների՝ իրենց երկրներում չափազանց երկար մնալու, ապաստան հայցելու հետ կապված։ Այս հարցերը պետք է լուծել»,- այս մասին այսօր ասաց ԵՄ Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը։

Դևինը նշեց, որ սա Հայաստանի դեմ չէ, այլ զուտ օբյեկտիվ խնդիր է։

«Հայաստանի քաղաքացիները գնում ու շատ երկար են մնում՝ վիզաների ժամկետներից դուրս։ Հայաստանը միակ երկիրը չէ, կան երկրներ, որոնց հետ այս խնդիրը կա և մենք անդրադառնում ենք դրանց ու փորձում ենք լուծել։ Սա քաղաքական հարց չէ, այլ զուտ գործնական։ Համոզված եմ, երբ այս պայմանները բավարարվեն, լուծվեն ապաստան հայցողների կամ ժամկետից երկար մնացողների խնդիրները, այդ դեպքում դրական որոշում կկայացվի»,-ասաց Լյուկ Դևինը։

Նշենք, որ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում