Մենք ունենք հստակ հաշվարկ. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է. Հրանտ Բագրատյան

Մենք ունենք հստակ հաշվարկ. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է. Հրանտ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պաշտոնական տվյալներ էր հրապարակել, ըստ որի՝ 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1 %:

«Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8 %, շինարարության աճը՝ 4.5 %, առևտրի աճը 8.9 %, ծառայությունների աճը՝ 15.1 %:

Արտահանումն ավելացել է 7.2 %-ով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:

Այսպիսով` ունենք բոլոր հիմքերը՝ պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- գրել էր նա:

Տնտեսական իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով Tert.am-ը դիմեց ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին։

«Նախ աճի տեմպն իջել է, երկրորդ՝ մարդկանց մեջ ոչ մի բան հույս ու հավատ չի ներշնչում: Բավական է ասել, որ հոկտեմբերին տնտեսությունը սեպտեմբերի համեմատ անկում է ապրել: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների թվերը, որոնք կան, վերահսկողական թվեր են. ստուգում ես, տեսնում, որ այդ աճը շատ դեպքերում պարզապես ուռճացվել է:

Հոկտեմբերին լուրջ անկում կա արտահանման մեջ՝ սեպտեմբերի համեմատ: Գյուղատնտեսությունում նույնպես անկում կա։ Այն իրականում ավելի շատ է, բայց ԱՎԿ-ն նորից անցել է հանրությանը մոլորեցնելուն։ Օրինակ՝ 9-ամսով խաղողի արտադրությունն անցյալ տարվանից ավել չէ, բայց 25 % աճ է ցույց տված։ Իսկ այդ նշված 7 տոկոս տնտեսական աճի գերակշիռ բաժինը մեքենաների ներմուծումն է։ 3-րդ եռամսյակից սկսած, նկատի ունենալով հունվարի 1-ից արտոնությունների չեղարկումը, այն հասել է խելահեղ տեմպերի։ Առաջին 9 ամիսներին բերվել է 77 հազ. մեքենա։ Ինչը, մեր հաշվարկով, բոլոր ժամանակներում ՀՀ ներկրված մեքենաների 20 %-ից ավելին է։ Հիմա այս խլամը բերել ենք ՀՀ և մի բան էլ ՀՆԱ ենք հաշվում, փոխանակ ՀՆԱ-ից հանենք։ Բարձր է մնում նաև խաղերի տեսակարար կշիռը ՀՆԱ աճի բաղադրիչների մեջ։ Միակ դրական երևույթը վերամշակող արդյունաբերության աճն է»,- ասաց նա:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ իշխանությունները խաբում են, երբ ասում են, թե տնտեսությունն աճել է 7 և ավել տոկոսով: «Բեռնաշրջանառությունը երկու անգամ պակաս է, բայց իրենք ասում են՝ տնտեսությունը 7 տոկոս աճել է, դա անհավատալի բան է: Բազմիցս եմ ասել, որ իրենք ստում են, հիմա էլ նույն միտումները շարունակվում են: Դժբախտաբար, նույն մարդն է վիճակագրությունը վարում, և կառավարությունն էլ պահանջ է դնում ստելու: Կառավարությունը չի համարձակվում մի հատ թվերի գույքագրում կազմակերպել։ Չեմ կարողանում նաև համակերպվել ՏԱՑ ցուցանիշի հետ։ Այսօր նոյեմբերի 25-ն է, դեռ 9 ամսվա ՀՆԱ-ն չկա։ Կատարվում է հանցագործություն հանցագործության հետևից: Մենք ունենք հստակ հաշվարկ. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է»,- նշեց նա:

Ամալյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում