Ադրբեջանցի տարագրյալների համար հայրենադարձությունը իսկական մղձավանջ է

Ադրբեջանցի տարագրյալների համար հայրենադարձությունը իսկական մղձավանջ է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արդբեջանի և Ռուսաստանի անվտանգության քարտուղարներն օրերս համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին։ Խոսքը, ի մասնավորի, վերաբերում է նաեւ քաղաքական անհնազադություն, անջատողականություն և ծայրահեղականություն քարոզող անձանց հայտնաբերմանը և արտահանձնմանը։

Այս պայմանագրի ստորագրման խնդիրը, կարելի է ենթադրել, ծագել է թալիշական շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդային Ադրբեջան արտահանձնելու կապակցությամբ։ Ինչպես հիշում եք, այն ժամանակ՝ փետրվարի 28-ին, Ռուսաստանից Աբոսզոդայի արտահանձնումը ձևակերպվել էր որպես ՌԴ-ում նրա գրանցման ժամկետի սպառման հետևանք։ Մի բան, որ առնվազն տարօրինակ է տարիներ շարունակ ՌԴ-ում ապրած, համապատասխան օրենքներին քաջածանոթ մարդու համար։ Թե ի՞նչ հետևեց արտահանձնմանը, բոլորիս քաջ հայտնի է։ Փաստն այն է, որ այժմ արդեն, ավելի ամուր իրավական հիմքեր կստեղծվեն Ապշերոնի իշխանի քիմքին անհաճո գործիչների որսն ավելի «օրինական» ներկայացնելու համար։ Իսկ որ այդպիսիք շատ կան, և ոչ միայն Ռուսաստանում, գաղտնիք չէ։ Օրինակ, բաց աղբյուրներից հայտնի է, որ 2018թ Ադրբեջանի 3719 քաղաքացիներ դիմել են պատկան մարմիններին՝ այլ երկրներում քաղաքական ապաստան գտնելու համար։ Երկրից հեռանալու պատճառների ցանկում առաջնային տեղում է քաղաքական հայացքների համար հետապնդումները։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների մի զգալի մասը տարագրվել է արտերկիր և երկրի իշխանությունների հետ քաղաքական պայքարը իրականացնում է միայն համացանցի միջոցով։ Այլ հարց է, որ հենց իշխանությունների գործունեության արդյունքում, գուցե և նրանց դրդմամբ, ինչու՞ չէ՝ նաեւ աջակցությամբ նրանք հայտնվել են արտասահմանում, սակայն պարզվում է, որ այժմ, արտագաղթած մտավորականների հեռակա կապն էլ վտանգավոր է Ադրբեջանի սուլթանության համար։ Նրանց պետք է վերադարձնել ու աչքի տակ՝ ավելի «ապահով» տեղում պահել։

Ահա թե ինչու առաջացավ Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը, ահա թե ինչու ակտիվացել է ադրբեջանցի տարագիրների արտաքսումը եվրոպական երկրներից։ Օրերս Գերմանիայից Ադրբեջան է վերադարձվել 1385 տարագրյալ։ Շուրջ նույնքան էլ կարտաքսվեն առաջիկայում։ Հարևան երկրի իշխանություններն ասում են, որ ամեն ինչ անում են իրենց հայրենակիցների վերադարձն ու ինտեգրումը լավագույնս կազմակերպելու համար, այնինչ արտահանձնվածների համար դա իսկական մղձավանջ է, որից խուսափելու համար մարդիկ նույնիսկ ինքնասպանության են դիմում։ Գերմանիայի փախստականների ճամբարում այդպիսի երեք դեպք է տեղի ունեցնել։

Իսկ միակ քայլը, որն իսկապես կատարում են ադրբեջանական իշխանությունները արտաքսվածների հանդեպ, հատուկ ծառայությունների կողմից կատարվող հարցաքննություններն են, որին ենթարկվում են անխտիր բոլոր, այսպես ասած, հայրենադարձները։

Յուլիա ՎԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում