Միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը. փորձագետ

Միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Այսպիսով, Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելանում է ևս հինգ տասնյակ մլն դոլարով: Հարցի շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

«Համաշխարհային բանկի կողմից այս նոր վարկի հաստատումը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ խոշոր օժանդակությունն է՝ բյուջետային աջակցության շրջանակում: Հիշենք, որ նախորդը ՎԶԵԲ-ի հետ 46 մլն եվրոյի վարկի պայմանագիրն էր: Եթե նույնիսկ դիտարկելու լինենք միայն այս երկու խոշոր վարկերը, ապա կրկին կտեսնենք այն հակասությունը, որը կա Կառավարության գործողությունների ու արված հայտարարությունների միջև: Կառավարությունը պնդում է, որ ունի լրացուցիչ հավաքագրումներ, գերակատարել է բյուջեն, բայց, միևնույն է, ավելացնում է արտաքին պետական պարտքը»,– նշեց Լ. Ամիրխանյանը: Նա հավելեց. «Ինչպե՞ս պետք է երևան բոլոր լրացուցիչ հավաքագրումները, եթե սեփական միջոցներով ոչ բյուջետային աջակցության ծրագրերի իրականացմամբ»:

Փորձագետը, մյուս կողմից, ընդգծում է այս տարվա ընթացքում արձանագրված դրական միտումը՝ միջազգային զեկույցների գնահատականներում. «Հատկապես տարվա երկրորդ կեսից միմյանց հաջորդեցին միջազգային կառույցների կողմից Հայաստանի վերաբերյալ դրական զեկույցները, ու, որպես կանոն, դրանց հետևեց այդ կառույցներից վարկային նոր պարտավորություններ վերցնելը: Դրանց թվում են և՛ ՀԲ, և՛ ՎԶԵԲ-ը, և՛ ավելի վաղ Moody’s գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի բարելավումն ու դրան հաջորդած եվրոբոնդերի թողարկումը: Նկատելի է, երբ միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը»,– մասնավորապես, նշեց Լ. Ամիրխանյանը:

Պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք վտանգավոր է արտաքին պարտքի ավելացումը, փորձագետը նշեց. «Արտաքին պետական պարտքի ավելացումը վտագավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ չի հատել պարտք/ՀՆԱ թույլատրելիի սահմանը, այն է՝ պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը: Մենք այդ խնդիրը չունենք հիմա, չենք ունեցել նաև նախկինում, երբ այսօրվա իշխանությունները դեռևս ընդդիմության դիրքերից քննադատվում էին արտաքին պարտքի ավելացումը: Իշխանություններն աննուղղակիորեն, փաստորեն, ընդունում են, որ նախկինում էլ վարվել է ճիշտ քաղաքականություն»,- ամփոփեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում