ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով

ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ ցամաքային զորքերի հրթիռային միավորումներն այսօր կավարտեն իրենց վերազինումն «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Այսօր «Կապուստին Յառ» զորավարժարանում տեղի կունենա Արևմտյան ռազմական շրջանի անձնակազմին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համակարգերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս խմբաքանակը կավարտի ՌԴ ցամաքային ուժերի գործող հրթիռային միավորումների վերազինումը»,- ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Հրթիռային միավորման անձնակազմին կհանձնվեն մի քանի տասնյակ արձակման կայանքներ, լիցքավորող և հրամանատարաշտաբային ռազմական մեքենաներ, տեխնիկա՝ կենսապահովման և տեխնիկական ծառայությունների համար:

Վերազինման արդյունքում հրթիռային միավորումը կմասնակցի մարտական հրթիռի արձակման մարտավարական զորավարժության:

«Իսկանդեր» համակարգի փորձարկումն ավարտվել է 2007 թվականին: «Իսկանդեր-Մ» և «Իսկանդեր-Կ» տարբերակները համալրել են ռուսական բանակի զինանոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում