Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Բաքվի, Սումգայիթի Կիրովաբադի փախստականները կառավարության դիմաց են: Այսօր կառավարությունը որոշում կկայացնի՝ տրամադրել 112 փախստական ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հավաստագրեր և դուրս գալ հանրակացարաններից, թե ոչ:
Նրանք նշում են, որ չգիտեն, թե յուրաքանչյուր ընտանիքի որքան գումար է տրամադրվելու, բայց ընդհանուր գումարը կազմելու է 1 մլրդ 500 հազար դրամ:
«1-2 հոգանոց ընտանիքին պետք է մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ տան, 3-4 հոգանոց ընտանիքին՝ 2 սենյականոց և արդեն 5-6 հոգանոց ընտանիքին՝ երեք սենյականոց բնակարան: Եթե այսօր հաստատվի, ընդունվի որոշումը, մենք էլ գումարները կստանանք, կգնենք բնակարանները և կազատենք հանրակացարանները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց, որ մտավախություն ունեն, որ որոշումը չի ընդունվի, քանի որ նախկինում իրենց բազմիցս են խաբել: «Ասել են՝ կտանք այդ սերտիֆիկատները, բայց չեն տվել»,- ասաց նա:
Մեկ այլ մասնակից էլ նշեց, որ հատուցումը փուլային է լինելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում