Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով

Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանում իրավիճակը կտրուկ սրվել է: Բենզինի գնի կրկնակի բարձրացման դեմ բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:

Զոհեր կան ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում: Իրանի իշխանությունները պնդում են, որ իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս օբյեկտիվ հաստատում չի ստացել, քանի որ երկրում համացանցը սահմանափակված է:

Փորձագետների կարծիքով՝ բողոքի ակցիաների այս ալիքը չի հանգեցնի երկրում ռեժիմի փոփոխությանը, չնայած որ ԱՄՆ-ն այդպիսի մեծ հույսեր ունի և ակցիաների սկսվելուց հետո գրեթե ակնթարթորեն իր աջակցությունը հայտնեց ցուցարարներին: Սակայն բացասական սցենարներն էլ բացառել չի կարելի, բողոքական տրամադրություններն Իրանում օրեցօր ավելանում են, գրում է հոդվածագիրը:

Երկուշաբթի Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել էր մի քանի իրավապահի մահվան մասին, բայց ոչ մի տվյալ չէր ներկայացրել ցուցարարների շրջանում զոհերի մասին:

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ակցիաների մի քանի օրերի ընթացքում զոհերի թիվը կարող է տատանվել 10-40-ի միջև, շուրջ 1000 մարդ ձերբակալվել է:

Ակցիաներ են անցկացվել ավելի քան 100 բնակավայրերում: Բողոքի ակցիաներին մասնակցել է գրեթե 90 հազար մարդ: Դա Իրանի բնակչության 0,1%-ից մի փոքր ավելի է: Այսպիսի հզոր ակցիաներ Իրանում տեղի չէին ունեցել գրեթե 2 տարի: Ցուցարարները փակել են ճանապարհները, կոտրել են խանութների և բանկերի ապակիները, այրել են լցակայաններ: Իշխանությունները նրանց գործողություններն անպատասխան չեն թողել: Բացի ձեռնարկած միջոցառումներից, նրանք անջատել են համացանցը:

Իշխանությունները նշել են, որ իրենք ընդունում են քաղաքացիների՝ բողոքի ակցիա անցկացնելու իրավունքը, սակայն դա պետք է արվի առանց բռնության դրսևորումների:

Բենզինի թանկացման հարցում Իրանի իշխանական բոլոր ճյուղերը միաձայն են: Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նշել է, որ իշխանությունների որոշումը բենզինի թանկացման վերաբերյալ մտածված և ընդունելի որոշում է, սակայն փորձագետներն այդ առումով կասկածներ են հայտնում՝ նշելով, որ բենզինի թանկացումը կապված է Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդի հետ, այլ ոչ թե ամերիկյան պատժամիջոցների:

«Արտաքին խաղացողների արձագանքը՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի, բավականին ավանդական է: Այլ հարց է, որ Վաշինգտոնը ցանկանում է յուրաքանչյուր ցույցի մեջ տեսնել իրանական ռեժիմի շուտափույթ անկում, իսկ դրա մասին դեռ վաղ է խոսելը»,- պարբերականի հետ զրույցում ասել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի գիտաշխատող Յուլյա Սվեշնիկովան:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 16-ին և ընթանում են բենզինի թանկացման դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում